«Ծախսեր կան, որ պետք է արվեն». Արարատ Միրզոյանը վարչապետի ինքնաթիռով մեկնելու մասին

June 2, 2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում ամփոփելով ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքները՝ անդրադարձել է նաև հայկական լրատվամիջոցներում տեղ գտած հայտարարություններին այն մասին, որ փոխվարչապետը կարող էր Դուշանբե մեկնել սովորական ինքնաթիռով, այլ ոչ թե վարչապետի ինքնաթիռով:

«Վերադառնալուն պես տեղեկացա, որ մի քանի լրատվամիջոցների և ֆեյսբուքյան օգտատերերի կողմից կասկածի տակ է դրվել մեր պատվիրակության՝ ՀՀ «թիվ մեկ բորտով»՝ վարչապետի ինքնաթիռով մեկնելու նպատակահարմարությունը։ Ասեմ, որ հակառակ դեպքում մեր 20 հոգանոց պատվիրակությունը (ներառյալ ԶԼՄ ներկայացուցիչները) ստիպված էր լինելու մեկնել Մոսկվայով, իրարից տարբեր և ոչ այնքան մոտ չվերթներով և կրկին լուրջ, գրեթե համարժեք գումար էր ծախսելու ավիատոմսերի, սնունդի և հյուրանոցային վճարների վրա։

Ամենաէականը, սակայն, այն էր, որ մենք ստիպված էինք լինելու մեկնել մայիսի 30-ին և վերադառնալ հունիսի 2-ին։ Այ երկու աշխատանքային օրվա վատնումը ճանապարհի վրա ամենաիսկական շքեղություն կլիներ իմ համար։ Կներեք, բայց ես դա ինձ թույլ տալ չեմ կարող այս օրերին, երբ իմ աշխատանքային գրաֆիկն այնքան հագեցած է, որ ես աշխատանքի եմ գնում առավոտյան շուտ և վերադառնում եմ գիշերը շատ ուշ։

Ֆինանսական խնայողություններն, իհարկե, մեր առաջնահերթություններից են, և մենք հետևողականորեն գնում ենք այդ ուղղությամբ։ Միաժամանակ պետք է հասկանանք, որ ծախսեր կան, որ պետք է արվեն՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքի, ինչու չէ՝ նաև մեր երկրի պատշաճ ներկայանալու համար»,-նշել է Արարատ Միրզոյանը:

 

Source: Yerkir Media
Link: «Ծախսեր կան, որ պետք է արվեն». Արարատ Միրզոյանը վարչապետի ինքնաթիռով մեկնելու մասին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image