Ծնելիության աճը գերմանական Հաննովերին համաքաղաքային խնդրի առջեւ է կանգնեցրել

September 10, 2016

Գերմանիայի Ներքին Սաքսոնիա երկրամասում, որն ունի 8 մլն բնակչություն, կիրակի ՏԻՄ ընտրություններ են։ Հաննովերը խոշորագույն քաղաքներից է՝ վարչական կենտրոնը, այստեղ ընտրելու են քաղաքային եւ համայնքային խորհուրդներ։

hannover5 hannover1

Քաղաքային խորհրդում մեծամասնություն կազմող «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչների հետ մեր հանդիպումը Հաննովերի փողոցներից մեկում էր, որտեղ նրանք ընտրողների հետ հանդիպում էին կազմակերպել։ Մեր պատկերացումը եւ հայասատյան փորձը նման հանդիպումների առումով, մեղմ ասած, այլ է, այս հանդիպումը թերեւս կարելի է բնորոշել «շատ համեստ»։ Քաղաքային եւ համայնքային խորհուրդների թեկնածուները փողոցում մի անձրեւանոց էին դրել՝ սեղանիկով, վրան իրենց քարոզչական նյութերն ու փոքրիկ նվերները՝ կուսակցության տարբերանշանով։

hannover3Անցորդները մեկ-մեկ մոտենում էին կամ իրենք էին մոտենում անցորդներին, ներկայացնում իրենց արածն ու անելիքը։ Բայց ակտիվություն ընտրողների կողմից չէր նկատվում, ոչ թե այս կուսակցության հանդեպ, այլեւ ընդհանրապես, մարդիկ այստեղ կարծես շատ էլ չեն հետաքրքրվում քաղաքականությամբ, ընտրություններով, նրանց մասնակցության առավելագույն շեմը 55-60% է կազմում։

Քաղաքային եւ համայնքային խորհուրդների անդամները չեն վճարվում, ինչպես մեր ավագանիները, աշխատում են հասարակական հիմունքներով։ Պետությունը նրանց միայն այդ գործունեությամբ պայմանավորված ընթացիկ ծախսերը փոխհատուցելու համար շուրջ 450 եվրո է հատկացնում, որից 150-ը որպես հարկ է գանձվում։ Բուժաշխատող, քաղաքային խորհրդի անդամ, այժմ նաեւ թեկնածու Քրիստին Ռանկե-Հեքն ասում է, քաղաքում համար մեկ խնդիրը բնակարաններն են։

hannover

Վերջին տարում Հաննովերում «բեյբի բում» է եղել, նոր բնակարանների կարիք կա։ Սակայն խնդիրն այն է, որ քաղաքացիները շատ վատ են վերաբերվում ցանկացած նոր շինարարության, ուզում են ոչ միայն քաղաքի հին տեսքը պահպանել, այլ նաեւ մտահոգված են էկոլոգիական խնդիրներով։

Քաղաքը, որտեղ 17 ազգություն է ապրում, վերջին մեկ տարվա ընթացքում նաեւ 6000 փախստական է ընդունել։ Այսինքն, ինչպես ասացին գերմանական մամուլի մեր գործընկերները, իրենք նման դեպքերում «փախստական» բառն աշխատում են չկիրառել՝ մարդկանց անձը չնվաստացնելու համար։ Ասում են, քաղաքի 25%-ը ներգաղթյալներ են։ Տիկին Ռանկե-Հեքը մեզ հետ զրույցում նախ ասում է, որ կա մարդկանց մի ստվար մաս, որոնց դուր չի գալիս ներգաղթյալների առումով տարվող քաղաքականությունը, դրա դեմ են գործում նաեւ մի քանի կուսակցություններ, ինչն իրենց գործը բարդացնում է։ Բայց իրենց կուսակցությունն ունի հատուկ ծրագիր եւ շարունակում է աշախատել ինտեգրման ուղղությամբ։ Կան նաեւ ծրագրին աջակցողներ, որոնք շատ հաճախ անգամ աշխատում են հասարակական հիմունքներով, օգնում են ներգաղթյալներին, ծանոթացնում տեղի կարգերին, լեզու սովորեցնում։ Հարցնում եմ, իսկ չկա՞ կրոնական՝ իսլամ-քրիստոնյա հակասություն։ Թեկնածուն ասում է, որ նման հարց որեւէ մեկը չի բարձրացնում։

Քաղաքային խորհրդի թեկնածուն մեր հարցին ի պատասխան՝ ասում է, որ պայքարում է հանուն իր գաղափարների, եւ ընտրողների հետ հանդիպումներում երբեւէ չի փորձում հաճոյանալ, միշտ ասում է այն, ինչ մտածում է։

«Ոչ, ես այստեղ եմ իմ սկզբունքների համար եւ փորձում եմ մարդկանց համոզել դրանց ճշմարտացիությունը»,- ասում է տիկին Քրիստին Ռանկե-Հեքը։

Գերմանական ԶԼՄ-ների մեր գործընկերները փաստում էին, որ ընտրությունները լուսաբանելու իրենց ներքին կանոնակարգի համաձայն, թեկնածուների խոստումներին շատ տեղ չեն տալիս, աշխատում են դրանք սահմանափակել։ Եվ Հայաստանի համար թերեւս ավելի կարեւոր էթիկական մի մոտեցման էլ ծանոթացանք։ Ընտրությունների նախաշեմին խիստ սահմանափակ տողերով՝ փոքր լուրի չափով են լուսաբանում կառավարության անդամների, իշխանության ներկայացուցիչների այցերը, նրանց ելույթները։

hannover4

Յուրաքանչյուր ընտրող երեք քվե տալու իրավունք ունի, որն, իր հայեցողությամբ, կարող է տալ կա´մ մեկ կուսակցության, կա´մ նույն, կա´մ այլ կուսակցությունների տարբեր անդամների։ Այսպիսով, ընտրողին ինքն է որոշում, թե կուսակցության ներկայացրած ցուցակից որ թեկնածուն է առաջինը, որը երկրորդը։ Նոր ԸՕ-ով, ի դեպ, Հայաստանում եւս ընտրություններում նման հնարավորություն մեզ տրվելու է։

Ներքին Սաքսոնիայում ՏԻՄ ընտրություններն արդեն այս կիրակի են՝ սեպտեմբերի 11-ին, իսկ ընտրական գործընթացների լուսաբանման փորձին ու նրբություններին ծանոթանալու նպատակով հայ լրագրողների խումբը Գերմանիա ուղեւորվել էր Բեռլինի լրագրության դպրոցի «Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» ծրագրի շրջանակում, որի կազմակերպմանն աջակցել էր նաեւ հայաստանյան՝ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն։

Հաննովեր — Երեւան
Լիլիթ Գալստյան


Source: Yerkir Media
Link: Ծնելիության աճը գերմանական Հաննովերին համաքաղաքային խնդրի առջեւ է կանգնեցրել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image