Կառավարությունն ԱԳՆ-ին հատկացրեց 109 մլն 296 հազ. դրամ

Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի 9-11-ը կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ Գլոբալ ֆորումի նախապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով կառավարությունն Արտաքին գործերի նախարարությանը հատկացրեց 109 մլն 296 հազ. դրամ:

Այդ մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում: Նախագծով պահանջվող գումարն անհրաժեշտ է ֆորումի նա­խապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումներն իրա­կա­նաց­նելու նպա­տա­կով:

«2015 և 2016 թվականներին Երևանում կայացան «Ընդդեմ ցեղասպանության հան­ցա­գոր­ծութ­յան» Առաջին և Երկրորդ գլոբալ ֆորումները, որոնց մասնակցեցին բազմաթիվ խորհրդա­րանա­կան­ներ, քաղա­քա­կան գործիչներ, դիվանագետներ, անվանի ցե­ղաս­պա­նա­գետներ, գիտ­նա­կաններ և պատ­մա­­բան­ներ։ Նշված ֆորումները հնարավորություն ընձե­ռեցին միջազ­գա­յին քա­ղաքական ու ակա­­դե­միական հանրության ուշադրությունը հրա­վիրել Հայոց ցե­ղաս­պա­նութ­յան 100-ամյակի, ինչ­պես նաև ցեղասպանության հան­ցա­գործության կանխարգելման հարցում Հ­այաս­տանի հետևողա­կան ջանքերի վրա։

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արտաքին գոր­ծերի նախարարությունում ձևա­վոր­­ված աշխատանքային խումբը մշակել է երրորդ Գլոբալ ֆորումի հայեցակարգը, կազ­մել է հրա­վիրյալների ցանկը և առաքել հրավերներ։ Ձեռք են բերվել մոտ հինգ տասնյակ առաջատար ցեղաս­պանագետների, ցեղաս­պա­նության թան­գա­րան­նե­րի ու հիշատակի համալիրների տնօ­րեն­ների, մշակույթի ու արվեստի ներ­կայա­ցու­ցիչ­նե­րի և իրավապաշտ­պանների՝ Ֆորումին մաս­նակցության նախնական համաձայնութ­յու­­­նը։ Ֆորումին նախատեսվում է նաև Միավորված ազ­գե­րի կազ­մա­կեր­պու­թ­յան Գլխավոր քար­­տու­ղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հար­ցե­րով Հա­տուկ խորհրդականի մասնակցությունը»,- ասված է հիմնավորման մեջ։

Source: Yerkir Media
Link: Կառավարությունն ԱԳՆ-ին հատկացրեց 109 մլն 296 հազ. դրամ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image