Կարճվել է ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարինե Սիմոնյանի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
2017 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացվել այն մասին, որ Լոռու մարզի Մղարթ բնակավայրում բողոքի ակցիայի իրականացման ընթացքում խոչընդոտել են այն լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությունը:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել էր, որ Լոռու մարզի Մղարթ գյուղի նախկին գյուղապետարանի շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի իրականացման ընթացքում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարինե Սիմոնյանը փորձել է հարցեր տալ նույն գյուղի բնակիչ Հ. Դ.-ին, սակայն վերջինս ձեռքով հարվածել է լրագրողի ձեռքին գտնվող տեսախցիկին, ինչի հետևանքով տեսանկարահանումն ընդհատվել է: Դրանով խոչնդոտվել է լրագրողի կողմից իր մասնագիտական օրինական գործունեության իրականացումը:
Դեպքի առթիվ 2017թ. դեկտեմբերի 28-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Այս տարվա մարտի 5-ին Հ. Դ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում Հ. Դ.-ն և Կարինե Սիմոնյանը դիմումներ են ներկայացրել, որ հաշտվել են միմյանց հետ: Վերջինս իր դիմումում խնդրել է, որպեսզի մեղադրյալի նկատամամբ քրեական հետապնդումը դադարեցվի և նրանից որևէ բողոք, պահանջ չունի։
Մարտի 16-ին քննիչի կողմից կայացվել է տուժողի հետ հաշտվելու հիմքով վարույթը կարճելու և Հ. Դ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում:
Source: Yerkir Media
Link: Կարճվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով հարուցված քրգործը