Հազարավոր ընտանիքներ շարունակում են լուրերի սպասել՝ իրենց հարազատների մասին
August 31, 2017
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության կողմերին, որպեսզի նրանք հաջողություններ գրանցեն անհայտ կորածների ճակատագրի մասին տեղեկացնելու հարցում։
Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակությունից, որի՝ օգոստոսի 30-ի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Անհայտ կորածների միջազգային օրը նշվում է այսօր՝ նպատակ ունենալով իրազեկելու կառավարություններին, համայնքներին, ԶԼՄ-ներին և աշխարհի հանրությանը հակամարտությունների և բռնության այլ իրավիճակների հետևանքով անհայտ կորածների խնդիրների ու նրանց ընտանիքների կարիքների մասին։ Ղարաբաղյան հակամարտության հրադադարից 23 տարի անց անհայտ կորածների հազարավոր ընտանիքներ շարունակում են սպասել իրենց սիրելիների մասին լուրերի։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ ԿԽՄԿ-ն, աջակցում է հակամարտության կողմերին անկախ միջնորդի իր առաքելությամբ՝ պարզելու այդ մարդկանց ճակատագրերը։ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ավելի քան 4500 անհայտ կորած զինվորական և քաղաքացիական անձինք գրանցված են Հայաստանում և Ադրբեջանում ԿԽՄԿ-ի պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում առաքելության կողմից։ Նրանցից ավելի քան 400-ը գրանցված են Հայաստանում։ 2014-ից կազմակերպությունը հավաքում է ԴՆԹ նմուշներ անհայտ կորած անձանց մոտ արյունակիցներից։ Նպատակն է պահպանել այս նմուշները, որոնք հետագայում կմեծացնեն աճյունների ինքնությունը պարզելու հավանականությունը»։