Հայաստանի 6 մարզերում հոկտեմբերի 2-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները: Հոկտեմբերի 1-ին լռության օր է, իսկ արդեն հաջորդ օրը 6 համայնքներում քաղաքացիները կընտրեն համայնքի ղեկավարների և ավագանու անդամների:
Հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի 375 համայնքներում՝ չհաշված Գյումրիում և Վանաձորում ավագանիների ընտրությունները:
Շիրակի մարզի Գյումրի և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում ընտրություններն առաջին անգամ կանցկացվեն նոր կարգով: Քաղաքացիները ընտրելու են ոչ թե անձերի, այլ քաղաքական ուժերի միջև, և հաղթող քաղաքական ուժն էլ առաջիկա 5 տարիների ընթացքում կստանձնի համայնքի ղեկավարման պատասխանատվությունը:
Երկու քաղաքներում էլ մեծ է ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մասնակցությունը: Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 կուսակցություն և մեկ դաշինք: Այսպիսով, Գյումրիում ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցությունը, «Գյումրեցու ոգի» կուսակցությունը, «Գործարար» կուսակցությունը, «Համախմբում» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Բալասանյան» դաշինքը, որին սատարում է իշխող «Հանրապետական» կուսակցությունը:
Վանաձորում ևս քաղաքական ուժերն ակտիվ մասնակցություն կունենան ընտրություններին: Համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 8 կուսակցություն: Վանաձորում առաջիկա ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան, «Համախմբում», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Վանաձորում և Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցված քաղաքական ուժերն այս ընթացքում ակտիվ քարոզարշավ են իրականացրել և հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրությունների արդյունքները ցույց կտան, թե որ քաղաքական ուժն է առավել լավ աշխատել և կարողացել ստանալ քաղաքացիների մեծամասնության համակրանքը:
Source: Yerkir Media
Link: Հայաստանի 6 մարզերի 377 համայնքներում հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են