«Հայկական ազգային երաժշտական գանձատուփ»-ի առաջին նմուշը ընծայվել է Էջմիածնին
September 26, 2017
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը սեպտեմբերի 26-ի երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում ներկա են գտնվել «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շնորհանդեսին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, միջոցառման շրջանակներում ներկայացվել են «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից վերջին շրջանի հրատարակությունները՝ Մակար Եկմալյանի «Պատարագի» ամբողջացված վերահրատարակությունը` լատինատառ տառադարձությամբ (տրանսլիտերացիայով) և հայ եկեղեցու երաժշտածիսական կարևորագույն մատյաններից մեկը` «Ժամագիրքը», որն առաջին անգամ է լույս տեսնում եվրոպական նոտագրությամբ և տպագրության միջազգային չափանիշներին համապատասխան: Երկու մատյաններն էլ հրատարակվել են երաժշտագիտական նախաբաններով, վերլուծություններով և բացատրություններով` հայերեն և անգլերեն:
«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Արթուր Ջանիբեկյանը ներկայացրել է «Հայկական ազգային երաժշտական գանձատուփը»՝ շարժական նվագարկիչը, որպես «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի խորհրդանիշ, որտեղ զետեղված են հիմնադրամի կողմից ձայնագրված և թվայնացված 500-ից ավելի ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտական նմուշներ: Արթուր Ջանիբեկյանը «Հայկական ազգային երաժշտական գանձատուփ»-ի առաջին նմուշը ընծայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: