Լարվածությունը բազմաթիվ հիվանդությունների հիմքն է: Այն դանդաղ, բայց անխուսափելի կերպով սպանում է մարդուն: Արագ ռիթմը, ժամանակակից կյանքի բարձր ինտենսիվությունը, ինքն իրեն վերահսկելու անկարողությունը հանգեցնում է նրան, որ մարդը մշտապես լարված և սթրեսային վիճակում է:
Ժամանակակից մարդու կյանքի մշակույթի մեջ սթրեսը գլխավոր թերությունն է: Տիբեթյան բժշկությունն առաջարկում է հանգստի իր տարբերակը՝ առանց գումար և միջոցներ խնայելու: Պարզապես պետք է կարողանալ կառավարել մտքերը և օրինակ վերցնել երեխաներից:
Հետաքրքիր է այն փաստը, որ տիբեթյան վանքերում դասավանդում են թուլացում (հոգեկան ներդաշնակություն) և ընկնելու արվեստ առարկաները : Պետք է կարողանալ ընկնել այնպես, որպեսզի բարձրանաս գեղեցիկ և առանց կոտրվածքների: Փոքր երեխան ավելի հաճախ ընկնում, ավելի հաճախ է հիվանդանում, բայց գրեթե միշտ առողջանում է, ընկնելիս էլ կոտրվածքներ չի ստանում: Պատճառն այն է, որ նրանք հանգիստ են, ոչինչ չեն պլանավորում:
Ըստ տիբեթյան բժշկության՝ հանգիստը գիտակցության այնպիսի վիճակն է, երբ ձեր էներգիան որևէ տեղ չի շարժվում՝ ոչ ապագա, ոչ անցյալ, այլ պարզապես ներկա է ձեր մեջ:
«Դուք ընկղմված եք ձեր սեփական էներգիայի ջերմության մեջ: Այդ պահն ամեն ինչ է: Այլ պահեր չկան, ժամանակը կանգնել է: Եթե ժամանակը կանգնում է, կա նաև հանգիստ և թուլացում, իսկ եթե այն շարժվում է, թուլացում չկա: Այդ պահին պետք է փակել ամեն ինչ: Ձեզ ոչինչ այլևս պետք չէ, դուք պարզապես հանգստանում եք: Կարելի է հանգստանալ ամենասովորական բաներից: Մտովի թափառել մարգագետինների վրա, երբ ցողունները դեռ թաց են: Ցողունների սառնությունը թարմացնում է ձեր ոտքերը: Առավոտյան քամու շունչը լցվում է թոքերի մեջ: Ծագող արևը ջերմացնում է տիզերական էներգիան: Էլ ինչ է պետք երջանիկ լինելու համար»,-ասում է «Տիբեթյան բժշկության դասերը. հանգստի արվեստը» գրքի հեղիանակ Վիկտոր Վոստոկովը:
Ըստ նրա՝ հաճելի հանգստի, հոգեկան խաղաղության մարդը կարող է հասնել նաև գիշերը, երբ կարողանա փակ աչքերով զգալ ինքն իրեն. «Գիշերը, երբ դուք պառկում եք մաքուր և սառը անկողնում՝ զգալով կտորի խտությունը և թարմությունը, զգում եք, թե ինչպես է աստիճանաբար անկողինն ավելի ջերմանում: Դուք թաքնվում եք գիշերվա մթության և լռության մեջ և փակ աչքերով զգում ինքներդ ձեզ: Առաջանում է երախտագիտության խորը զգացում: Այն բերում է մտքի և մարմնի հանգստության, որը լավ ինքնազգացողության կատարյալ տարբերակ է»:
Սա հանգիստ, խաղաղ զգալու տիբեթյան փոքր բանաձև է, որ կարելի է կիրառել միշտ և հատկապես կիրակի օրերին: Մաքրել մտքերը բացասականից, հանգստանալ, թարմանալ և շարժվել առաջ:
Չէ՞ որ մեզ սպասում է աշխատանքային երկուշաբթին, որի բերած լարվածության դեմ երբեմն անզոր է նույնիսկ տիբեթյան բժշկությունը:
Source: Yerkir Media
Link: Հանգիստը կյանք է, լարվածությունը՝ մահ