Հանրապետության նախագահ ընտրելու ընտրակարգում հակասություն չկա. Գևորգ Դանիելյան

Խորհրդարանի կողմից Հանրապետության նախագահի առաջիկա ընտրությունների իրավաչափությունը փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից գնահատվել է վիճահարույց, մասնավորապես, iLur.am-ին տված հարցազրույցում այն տեսակետն է հայտնվել, որ 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրության 5-րդ գլուխը, որի 125-րդ հոդվածով է ամրագրված խորհրդարանի կողմից Հանրապետության նախագահ ընտրելու ընտրակարգը, ուժի մեջ է մտնելու միայն  նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, հետևաբար, այն չի կարող արդեն այս փուլում կիրառման մեջ դրվել և լեգիտիմ իրավական հիմք հանդիսանալ Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահ ընտրելու համար:

Հաշվի առնելով, որ այս հարցի առնչությամբ սա բոլորովին նոր դիրքորոշում է, նպատակահարմար համարեցինք այն մեկնաբանելու համար դիմել Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին:

— Պարոն Դանիելյան, Սահմանադրության 209-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, իսկապես, Սահմանադրության 5-րդ գլուխը, որում ներառված է նաև Հանրապետության նախագահի ընտրության կարգը սահմանող 125-րդհոդվածը, «… ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը»: Նույն իրավական նորմում, թերևս, հստակ ամրագրված է. «Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները»: Այս դրույթների համատեքստում էլ հնչեցվել է այն  հարցադրումը, ըստ որի՝ Հանրապետության նախագահը պետք է ընտրվեր ոչ թե Ազգային ժողովի, այլ ժողովրդի կողմից, ինչպես նախատեսված է 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը:

-Հետաքրքիր վերլուծություն էր, մյուս կողմից՝ ամեն ինչ այդչափ միանշանակ ու պարզունակ չէ, իսկ երբեմն էլ թյուրըմբռնման տեղիք է տալիս առանձին իրավական եզրույթների, տվյալ դեպքում՝ «ուժի մեջ մտնելու» ոչ համարժեք ընկալման պարագան: Սկսենք նրանից, որ 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ է մտել դեռևս 2015 թ. դեկտեմբերի 22-ից, քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2-րդ հոդվածով ուղղակի ամրագրված է. «Սույն Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» (նկատենք, որ պաշտոնական հրապարակումը եղել է 2015 թ. դեկտեմբերի 21-ին): Այսինքն, եթե ղեկավարվենք հեղինակի տրամաբանությամբ, ապա իմ կողմից նշված իրավակարգավորման համատեքստում ընդհանրապես խնդիր չկա, քանզի արդեն երկու տարուց ավելի է, ինչ 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությունը չունի իրավական ուժ, դադարել է գործել, ուստի Հանրապետության նախագահի ընտրության համար որևէ իրավական հիմք չի կարող հանդիսանալ:

Այսպիսով, ասվածի տեսանկյունից, եթե «ուժի մեջ մտնելը» փորձենք մեկնաբանել, առանց հաշվի առնելու տվյալ իրավական նորմի կարգավորման ողջ համակարգային տրամաբանությունը և բովանդակությունը, ապա անխուսափելիորեն կհանգենք գուցե արտաքուստ անչափ հետաքրքիր, սակայն խիստ հակասական եզրահանգումների, մինչդեռ՝ հարկ է հստակ ղեկավարվել իրավական նորմում օգտագործված եզրույթները համարժեք ընկալելու չափանիշներով: Առնվազն հարկ է նկատել, որ  միանգամայն իրավաչափ ու անհրաժեշտ է, երբ առանձին իրավական եզրույթներ ունենան մի քանի իմաստային բովանդակություն, որոնց բացահայտումը կարող է համարժեք իրացվել բացառապես իրավական ակտերի մեկնաբանման ու պարզաբանման կանոնների խելամիտ պահպանմամբ:

Տվյալ դեպքում «իրավական ուժ են ստանում» արտահայտությունը նեղ իմաստով օգտագործելու պարագայում, բնականաբար, այն միաժամանակ տեղ չէր գտնի և իմ կողմից նշված 2-րդ հոդվածում, և Վահե Գրիգորյանի կողմից նշված 209-րդ հդվածի 6-րդ մասում, ինչպես նաև 211-րդ հոդվածում:

— Խնդրում ենք բացատրել, թե վերը նշված եզրույթը՝ քննարկման առարկա իրավական փաստաթղթում կոնկրետ ի՞նչ իմաստներով է կիրառված:

-Նախ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2-րդ հոդվածով Սահմանադրության փոփոխություններին իրավական ուժ վերապահելով, հնարավորություն է տրվել, որպեսզի անցումային փուլում իրավական բավարար հիմք լինի՝ անհրաժեշտ օրենքներ ընդունելու, գործընթացներ իրականացնելու և կառուցակարգեր ձևավորելու համար: Իսկ արդեն «Եզրափակիչ և անցումային դրույթներ» վերտառությամբ 16-րդ գլխում ամրագրված են այն միջանկյալ ժամկետները, որոնց պարագայում Սահմանադրության փոփոխությունների կոնկրետ հոդվածները կարող են կիրառման մեջ դրվել:

Այն, որ հիշյալ գլխի 209-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված է, որ Սահմանադրության 5-րդ գլուխը ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, ոչ թե բացառում է խորհրդարանի կողմից  Հանրապետության նախագահի ընտրությունը, այլ սոսկ ամրագրում է, որ նորընտիր Հանրապետության նախագահը, իր պաշտոնը ստանձնելու պահից, պետք է հանդես գա 5-րդ գլխով ամրագրված լիազորություններով: Ինչ վերաբերում է ընտրության կարգին, ապա դրա հիմքում դրված է արդեն 212-րդ հոդվածը, որով նախատեսվում է 5-րդ գլխում ներառված 125-րդ հոդվածի կիրառման իրավական անհրաժեշտ հիմք: Մեծ հաշվով, այս դեպքում անգամ հակասություն չկա, քանի որ խոսքը սոսկ իրավական ակտի մի գլխի նորմերի կիրառման առանձնահատկությունների մասին է:

Մի խոսքով, քննարկվող դեպքում «իրավական ակտի ուժի մեջ մտնել» արտահայտությունը բացահատում է այն, թե տվյալ նորմի որ մասը կարող է դրվել կիրառման մեջ:

— Պարոն Դանիելյան, Ձեր պարզաբանումները մասնագիտական հարթությամբ ընկալելի են, սակայն ինչպե՞ս կարող ենք հետայսու խուսափել այսպիսի տարընթերցումների տեղիք տվող իրավիճակներից:

— Համամիտ եմ, որ իրավական որոշակիության տեսանկյունից հարկ է հայրենական իրավական համակարգում ներդնել առավել մատչելի ու ոչ խնդրահարույց մեթոդաբանություն: Այո, մենք կարող ենք խուսափել «իրավական ուժ է ստանում» արտահայտությունը կիրառելու լայն շրջանակներից, եթե ելակետ ընդունենք այն մոտեցումը, որ իրավական ուժ ստանալը բնավ չի ենթադրում նաև ամբողջ ծավալով կիրառման մեջ դնելու գործընթաց: Այս դեպքում, առավել նպատակահարմար եմ համարում իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից հստակ ամրագրել, թե վերջինս որ պահից որ չափով է կիրառման մեջ դրվելու, անգամ կարող ենք սահմանել կիրառման ստույգ փուլեր: Մասնավորապես, սահմանադրական օրենքների և օրենքների պարագայում կարող ենք սահմանել, որ կիրառման 1-ին փուլում հարկ է ձևավորել անհրաժեշտ կառուցակարգեր, մշակել և ներդնել ընթացակարգեր, միջանկյալ 2-րդ փուլում օրենքը կիրառել լիազորությունների մասով, իսկ եզրափակիչ փուլում՝ արդեն ողջ ծավալով:

Հանրահայտ է, որ մինչև իրավական ակտը ողջ ծավալով կիրառելը հարկ է լինում ընդունելու վերջինիս իրացումը երաշխավորող անհրաժեշտ այլ իրավական ակտեր, սակայն հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող ենք այլ իրավական ակտ ընդունել, եթե հիմքում նկատի ունենք դասական իմաստով դեռևս իրավական ուժ չստացած հիմնական իրավական ակտը: Այստեղից էլ բխում է, որ իրավական ակտի ուժի մեջ մտնելը հենց այն երաշխիքն է, որը հնարավորություն է տալիս, որպեսզի մինչև դրա լիարժեք կիրառումը, իրականացվեն մի շարք իրավական նշանակություն ունեցող գործընթացներ, այդ թվում՝ ընդունվեն իրավական ակտեր, ձևավորվեն որոշ կառուցակարգեր և այլն: Սա կլինի, ըստ էության, նոր մոտեցում, մինչդեռ՝ Սահմանադրությունում նախապատվությունը տրվել է դեռևս իրավական համակարգում գերիշխող այնպիսի չափանիշների, որոնք առավել քաջածանոթ են և անցել են որոշակի փորձարկում:

Զրուցեց

ՀԱՅԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

 

Source: Yerkir Media
Link: Հանրապետության նախագահ ընտրելու ընտրակարգում հակասություն չկա. Գևորգ Դանիելյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image