Հարկատուները կարող են ստանալ նոր սերնդի ՀԴՄ-ների գնային տարբերությունը
February 15, 2017
Այն հարկ վճարողները, որոնց հասույթը մինչեւ 58 մլն դրամ է, եւ նոր սերնդի ՀԴՄ-ները ձեռք են բերել 150 հազար դրամով, սակայն կառավարության 2014թ. որոշմամբ պետք է ձեռք բերեին ավելի ցածր գներով կամ անվճար, կարող են դիմել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ՝ գների տարբերությունը վերահաշվարկելու եւ այն ստանալու համար:
Որոշման համաձայն` 2013 թ. արդյունքներով` 30 մլն դրամից մինչեւ 58 մլն դրամ հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը 150 հազար դրամ, 10 մլն դրամից մինչեւ 30 մլն-ի դեպքում՝ 120 հազար: 5 մլն-ից մինչեւ 10 մլնի դեպքում՝ 80 հազար դրամ, իսկ ահա մինչեւ 5 մլն դրամ իրացումից հասույթ ունեցողների համար` առավելագույնը 60 հազար դրամ:
Միաժամանակ, գյուղերում հաշվառված եւ փաստացի գործունեություն իրականացնող վերոնշյալ հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման գին է սահմանվել նշված գների 50 տոկոսը, իսկ սահմանամերձ գյուղերում հաշվառված եւ փաստացի գործունեություն իրականացնող հարկատուներին նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրվում են անվճար: