«Եթե մտադիր եք լրագրող դառնալ, ապա այդ մասնագիտությունը պետք է սովորեք ամբողջ կյանքի ընթացքում: Երբ զգացիք, որ ամեն ինչ գիտեք և այլևս նոր բան ստանալու կարիք չկա, ուրեմն դուք խնդիր կունենաք պրոֆեսիոնալիզմի հետ: Սա իմ ողջ կյանքի ուղեցույցն է»,- այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը:
Հանդիպումը կրում էր «Լրագրության ոսկե կանոնները» խորագիրը: Գրիգորյանը երեք հիմնական կանոն առանձնացրեց ուսանողների համար. «Առաջին՝ ժուռնալիստիկան պատմություն պատմելու մասնագիտություն է, որը լրագրողներդ պետք է կարողանաք հետաքրքիր և հանրությանը մատչելի կերպով ներկայացնել: Երկրորդ՝ եղեք հետաքրքրասեր, հետաքրքրասիրությունը մեր մասնագիտության հիմնաքարն է: Ի՞նչ եղավ, որտե՞ղ, ինչպե՞ս… Անհրաժեշտ է այս զգացումը ձեր մեջ զարգացնել և հասցնել պրոֆեսիոնալ մակարդակի: Եվ վերջապես երրորդ՝ շատ, միշտ և անընդհատ կարդացեք, առանց գրագիտության լրագրող չեք կարող լինել»:
Ուսանողներից մեկի մտահոգությանը՝ արդյո՞ք ճիշտ է ընտրել ֆակուլտետը, մի՞թե լրագրող դառնալու համար անհրաժեշտ է 4 տարի սովորել, Մարկ Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Մեր կրթական համակարգը կառուցված է այնպես, որ երևի բժշկությունից բացի, մնացած բոլոր մասնագիտություններում ձեզ չեն սովորեցնի անմիջականորեն անել այն, ինչ պահանջվում է: Վարպետության դասերից դուրս, որոնք այդքան էլ շատ չեն, ձեզ չեն սովորեցնելու գրել: Բայց այդ 4 տարիների ընթացքում դուք սովորելու եք այնպիսի բաներ, որոնք պետք են լինելու գրելու համար, սկսած հայ ժողովրդի պատմությունից՝ ավարտած արտասահմանյան գրականությամբ»:
Source: Yerkir Media
Link: Հետաքրքրասիրությունը մեր մասնագիտության հիմնաքարն է. Մարկ Գրիգորյան