Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ում խոսել է Ադրբեջանի վերջին ռազմական ոտնձգության մասին

January 23, 2017

Ստրասբուրգում հունվարի 23-ին մեկնարկած ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի լիագումար նիստում՝ ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի ընթացիկ զեկույցի ձևաչափում,  ՀՀ ԱԺ փոխնախագահ,  ԵԽԽՎ-ում հայկականպատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին հաջորդած գործընթացներին և գալիք խորհրդարանական ընտրություններին, Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ռազմական ոտնձգությանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատակազմից՝ հավելելով.

«Իր ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների ողջ էությունը՝ համարելով դրանք բովանդակային նախադրյալներով կենսական՝ կերտելու համար առավել կայուն և ժողովրդավարական համակարգ և կատարելագործելու սահմանադրական մեխանիզմները, որոնք ապահովում են համապատասխան ուժերի հավասարակշռությունը և օրենքի գերակայությունը:

Հերմինե Նաղդալյանն իր խոսքում ընդգծել է, որ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը արժանացել է Վենետիկի հանձնաժողովի հավանությանը, և նրա գրեթե բոլոր առաջարկությունները ընդունվել են Հայաստանի իշխանությունների կողմից:

Տիկին Նաղդալյանը տեղեկացրել է, որ Հանրաքվեից հետո հայաստանյան իշխանությունները ձեռնարկել են իրավական համակարգի փոփոխման և նոր իրողություններին համապատասխանեցման լայնածավալ գործընթաց: Ընդունվել են նոր սահմանադրական օրենքներ, բազմաթիվ օրենքներում և  իրավական ակտերում կատարվել համապատասխան փոփոխություններ, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի, Տեղական ինքնակառավարման և խորհրդարանի Կանոնակարգ օրենքներում: Իր խոսքում տիկին Նաղդալյանը շեշտել է, որ օրենսդրական փոփոխությունների մի խոշոր փաթեթ նախատեսվում է նաև 2017-ի համար՝  կրկին Վենետիկի հանձնաժողովի և այլ միջազգային շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությամբ:

Հայաստանի ամենաքննարկված փաստաթղթի՝ Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը ՀՀ ԱԺ փոխնախագահի հավաստմամբ՝ ընթացել է քաղաքական բոլոր շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցության ոգով, համագործակցության, հիրավի, բացառիկ ձևաչափով՝ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության սեկտորի հավասար մասնակցությամբ:

« Նոր Ընտրական օրենսգիրքը լիարժեք հուսալի հիմք է ստեղծում  առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար»,- իր խոսքում ընդգծել է Հերմինե Նաղդալյանը՝ հավաստիացնելով, որ ազատ և արդար ընտրությունների անցկացումը երկրի իշխանությունների գերխնդիրն է, և դրանց լեգիտիմությունն ու պատշաճ ընթացքը շատ ավելի կարևոր են, քան արդյունքները:

«Մեր պարտականությունն է անցկացնել ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ՝ հիմնականում հիմնված մրցակցային գաղափարների և ծրագրերի վրա : Հայաստանի ժողովուրդը ընտրել է ժողովրդավարության ուղին, և որևէ արտաքին խոչընդոտ չի  կարող մեզ շեղել այդ ուղուց»,-  իր ելույթում նշել է տիկին Նաղդալյանը:

Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխխոսնակը եվրոպացի պատգամավորներին հիշեցրել է անցյալ տարի ապրիլին Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով  Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի , ինչպես նաև Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած վերջին ռազմական ոտնձգության մասին, որը դատապարտվեց միջազգային հանրության կողմից՝ և չնայած դրան Հայաստանը չի հեռացել իր ժողովրդավարական ուղուց և հավատարիմ է մնացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Նման գործողությունները, որոնք խաթարում են Հայաստանի, Ղարաբաղի և տարածաշրջանի անվտանգությունն ընդհանրապես, չեն սասանում մեր վճռականությունը՝ իրականացնելու  լայնամասշտաբ  բարեփոխումներ՝  դատական, մարդու իրավունքների և այլ կարևոր բանագավառներում՝ բոլորը համահունչ մեր միջազգային պարտավորություններին»,- եզրափակել է իր ելույթը ՀՀ ԱԺ փոխնախագահն՝ ընդգծելով, որ Հայաստանի նվիրվածությունը մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը երբեք պայմանավորված չէ որևէ արտաքին գործոնով՝ լինի դա աշխարհաքաղաքական, տնտեսական կամ այլ»:


Source: Yerkir Media
Link: Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ում խոսել է Ադրբեջանի վերջին ռազմական ոտնձգության մասին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image