Հերոսների դիմանկարները՝ ուսանողների կողքին

Երեւանի պետական համալսարանի տարածքում շտապող ուսանողներից բացի այսուհետեւ նաեւ ապրիլյան հերոսներին կհանդիպենք: ԵՊՀ Մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ եւ համալսարանի ղեկավարության օժանդակությամբ է իրականացվել երիտասարդական այս գաղափարը: Այս անգամ դեռ 3 հերոսի նկար կլինի, սակայն, հեղինակների խոսքով՝ շարունակություն անկնկալվում է:

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն ուսանողական տարիները չհասցրեց վայելել, կիսատ թողեց ուսումը բժշկական համալսարանի քոլեջում…Նա հիմա կապրի ԵՊՀ ուսանողների կողքին, համալսարանն ուրիշ է, բայց 20 ամյա նոր ընկերներ ամեն տարի կունանա: Մի քանի մետր այն կողմ բուհի մասնաշենքերից մեկին էլ 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանն ուսանողներին այսպես ասած «ողջույն» կասի, իսկ օրեր անց հերոսներին կմիանա նաեւ ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանը:

Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 2-րդ կուրսի ուսանող Արթուրն է նկարների հեղինակը: Առաջին անգամ չէ հերոսներին պատկերում. Կապանում ծառայելիս հասցրել է քաղաքի պատերին արցախյան շատ հերոսների ու մշակութային գործիչների նկարել: Երեւանում քառօրյա պատերազմի հերոսներին նկարելու գաղափարի մասին անգամ Պաշտպանության նախախարությանն էր հայտնել, աջակցություն սակայն ինչ-ինչ պատճառներով չէր ստացել:

Զենքերը վայր չդրեց, ծանոթացավ ԵՊՀ Մարտական պատրաստության ակումբի երիտասարդների հետ ու այդպես իրականացրեց նպատակը: Արթուրի կարծիքով՝ շատերն այսօր մեր հերոսներին չեն ճանաչում ու չեն կարեւորում իրական արժեքները:

«Փորձեցինք այնպես անել, որ ճանաչեն, իսկ երբ ճանաչենք, կսիրենք, իսկ երբ սիրենք կլինենք նրանց արժեքների կրողը»,- ասում է հեղինակը:

Ըստ Արթուրի, այսօր հայրենասիրությունը միայն «բանավոր» է, շատերն են խոսում, բայց չեն գործում: Ազգի պատմությունը լավ իմանալ, երկրից չհեռանալ ու քո արած գործը լավ կատարել. Արթուրի կարծիքով, հենց սրանք են հայրենասիրության տարրերը: Այս գործն էլ երիտասարդը հայրենասիրական քայլ է համարում: Եթե դուր չգա քաղաքացիներին, պատրաստ է անգամ քննադատություններին: Համաձայն է. գույները վառ են ստացվել:

«Ինձ ասում էին՝ սեւ ու սպիտակ նկարիր. միգուցե կոպիտ հնչի, սակայն, ինձ համար դա մի քիչ գերեզմանի նկարի է հիշեցնում… Այս գույների մեջ ես կարծում եմ ավելի հետաքրքիր է, ու իմ ձեռագիրն է այստեղ»,- նշում է Արթուրը:

Մարտական պատրաստության ակումբի նախագահը նույնպես Արթուրի ընտրած գույների մեջ պայծառություն է տեսնում: Արթուրի հեղինակած նախորդ նկարները տեսնելով՝ ակումբականները հավանել էին գաղափարն ու ոճը եւ որոշել՝ համալսարանի ղեկավարության օժանդակույթամբ կյանքի կոչել այն: Նկարների համար նախատեսված վայրերը նույնպես պատահաբար չեն ընտրել:

«Ընտրել ենք այն սկզբունքով, որ ավելի շատ ուսանողներ անցնեն այդ կողմով, որ համալսարանի բոլոր ուսանողները տեսնեն այդ նկարները ու ամեն օր բուհ այցելելիս տեսնեն նկարներից գոնե մեկը ու իրենց մեջ գոնե մի պահ մտորեն, թե այդ մարդու զոհվելն ու հայրենիքի համար պայքարելն ինչ է տվել մյուսներին»,- ընդգծեց ԵՊՀ Մարտական պատրաստության ակումբի նախագահ Արմեն Խաչիկյանը:

 

Նկարները նաեւ գրություններով են ուղեկցվում. «Նա մինչեւ վերջին պահը չլքեց դիրքը. մի լքի՛ր հայրենիքդ», Արմենակ Ուրֆանյանի գրությունն էլ օրվա վերջին կհայտնվի. «Նրա առաքելությունն էր պաշտպանել, նա դա պատվով կատարեց», իսկ օրեր հետո Բենյամին Եղոյանի նկարի կողքին կգրվի «Նրա զենքը տանկն էր, նա խոցեց բազմաթիվ թիրախներ. քո զենքը գիտելիքն է»:

 


Source: Yerkir Media
Link: Հերոսների դիմանկարները՝ ուսանողների կողքին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image