ՀՀ գլխավոր դատախազը հրաժարական տալու մտադրություն չունի

July 1, 2018

ՀՀ գլխավոր դատախազության տեսադաշտում առաջնային է մնում կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարը, ինչպես նաև մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը նպաստելը:

ՀՀ դատախազության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանն իր ելույթում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի հասարակությունն այսօր հստակ արտահայտում է լրջագույն, արդիական և գործունակ բարեփոխումների ենթարկվող, մարդակենտրոն արժեհամակարգով առաջնորդվող իրավապահ համակարգ ունենալու սպասելիքները, որոնք արդարացնելուն այլընտրանք չկա:

Ըստ Արթուր Դավթյանի՝ դատախազության աշխատանքի արդյունքում հասարակությունը պետք է դառնա միմյանց հանդեպ առավել հանդուրժող, սակայն միանշանակ լինի անհանդուրժող՝ խորթ, վնասակար ու հանցածին երևույթների հանդեպ:

«Ես վստահ եմ՝ կատարվող օրենսդրական, ինչպես նաև մեր շարունակական բարեփոխումների արդյունքները թույլ կտան առավել բարձրացնել դատախազության  հանդեպ  բնակչության վստահության չափաքանակը, մեզ ավելի կմոտեցնեն նվիրական այն նպատակին, որ մեր երկրում ապրող յուրաքանչյուր մարդ ապրի ու արարի անվտանգության զգացումով՝ միաժամանակ վստահ լինելով, որ երբևէ հանիրավի չի հետապնդվի»,- նշել է Դավթյանը:

ՀՀ գլխավոր դատախազը լրագրողների հետ զրույցում, ի պատասխան իր հրաժարականի վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ հրաժարական տալ չի պատրաստվում: Արթուր Դավթյանի խոսքով՝ բոլորի աշխատանքում թերացումներ կան, և դատախազությունն ամեն օր իր աշխատանքը ավելի կատարելագործելու և զարգացնելու անհրաժետություն ունի:

«Մեզ համար անչափ կարևոր է նկատել մեր սխալները և թերությունները ու դրանց ուղղման ուղղությամբ ձեռնարկել գործուն քայլեր»,- ասել է Դավթյանը և հավելել, որ հանրությունը դրա ականատեսը կլինի, և դա շարունակական բովանդակություն է ունենալու:

Դատախազության 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Source: Yerkir Media
Link: ՀՀ գլխավոր դատախազը հրաժարական տալու մտադրություն չունի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image