Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ մայիսի 4-ին տեղի ունեցած հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «ՀՀԿ», «Ծառուկյան», «Ելք», «ՀՅԴ» խմբակցությունների ներկայացուցիչները պատասխանել են լրագրողների հարցերին:
Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն ասել է, որ բավականին լուրջ և անկեղծ զրույց են ունեցել ԱՀ նախագահի հետ՝ Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձությունների ֆոնին քննարկելով Արցախի անվտանգության հարցը: Գ. Մելիքյանի խոսքով՝ հանդիպումը նպատակ էր հետապնդում նաև Արցախի նախագահի ազդեցիկ դերը ի նպաստ բերելու ստեղծված ներքաղաքական լարվածության թուլացման և երկխոսության համար:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն էլ ասել է, որ հանդիպման հիմնական նպատակն այն է, որ մեր հանրապետության ներքաղաքական կյանքի լարված իրավիճակում բոլորս միահամուռ կարևորենք պետական և ազգային խնդիրը՝ Արցախի անվտանգությունն ու սահմանների անառիկությունը:
«ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ հանդիպմանը կարևորվել է, որ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը պետք է լինի ոչ միայն խաղաղ, այլև հնարավորինս արագ, որպեսզի հակառակորդի մոտ նոր ագրեսիա սկսելու գայթակղություն չառաջանա: «Մենք տեսնում ենք նաև հնարավորություն, որ այս համաժողովրդական շարժումը կզսպի Ադրբեջանին: Այս շարժումից պետք է դուրս գանք ավելի համախմբված, և բոլոր ջանքերն ուղղված են դրան»,- ընդգծել է Ա. Ռուստամյանը:
Իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ասել է, որ ՀՀ-ում քաղաքական իրադարձությունների սրընթաց զարգացման պայմաններում էական են ԱՀ ղեկավարության հետ անընդհատ և անմիջական շփումները, տեղեկատվության փոխանակումը, ինչը տեղի ունեցավ նախագահ Սահակյանի հետ հանդիպման ընթացքում:
Source: Yerkir Media
Link: ՀՀ խորհրդարանական ուժերը վերահաստատել են Արցախի խնդրի շուրջ միասնական մոտեցումների կարևորությունը