ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը շարունակում է հանդիպումներ ունենալ Վաշինգտոնում: Փոխվարչապետն այս օրերին հանդիպել է ամերիկացի օրենսդիրների ու Վաշինգտոնի ռազմավարական կենտրոնների ղեկավարների հետ:
Հուլիսի 19-ի երեկոյան փոխվարչապետ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարության համագործակցության հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Փիթեր Ռոսկամի հետ:
Հանդիպմանը փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում առկա իրավիճակն ու ընթացող փոփոխությունները՝ ընդգծելով, որ նոր իշխանությունները երկիրը տանում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և ազատ մրցակցային տնտեսության հաստատման ճանապարհով:
Ներկայացնելով Հայաստանում առկա քաղաքական իրավիճակը՝ Միրզոյանը նշել է, որ այսօրվա Հայաստանի խորհրդարանը չի արտացոլում հասարակության իրական տրամադրությունները, ուստի մինչև ապրիլ ամիս տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս առումով փոխվարչապետն ընդգծել է ամերիկյան կողմի հետ համագործակցության ու ամերիկյան օժանդակության, ներառյալ տեխնիկական օգնության տրամադրման կարևորությունը:
Կոնգրեսական Ռոսկամը ողջունել է փոխվարչապետ Միրզոյանին և նշել, որ ընտրությունները կարևոր են, սակայն կարևոր են նաև այն զարգացումները, որոնք ընթանում են ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում:
Միացյալ Նահանգներ իր այցի ընթացքում փոխվարչապետ Միրզոյանն այցելել է նաև Վաշինգտոնում Միջազգային հանրապետական հաստատության կենտրոնական գրասենյակ:
Source: Yerkir Media
Link: ՀՀ փոխվարչապետն ԱՄՆ-ում հայտարարել է մինչեւ ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին