Հնդկաստանի և Պակիստանի սահմանով հոսող Հունզա գետի հովիտը կրում է «Երջանիկ հովիտ» անունը, քանի որ նրա բնակիչները գրեթե երբեք չեն հիվանդանում, իսկ կյանքի միջին տևողությունն այստեղ 110-120 տարի է: Զարմանալի է, որ ի տարբերություն իրենց հարևան ժողովուրդների, հունզաներն արտաքնապես շատ նման են եվրոպացիներին: Այս ցեղի մասին առաջին անգամ պատմել է անգլիացի բժիշկ Մաք Քարիսոնը 20-րդ դարի սկզբին, ով այդ տարածքներում հիվանդներին է բուժելիս եղել: Նա նկատել է, որ տեղի բոլոր ժողովուրդներին պատուհասող հիվանդությունները հունզաներին կարծես շրջանցում են:
Նրանց բնակտարածքը կտրված է բարձր լեռներով, իսկ դաշտերում աշխատում են մինչև 100 տարեկան մարդիկ: Նրանց ղեկավարում է թագավորը և ավագների խորհուրդը, չունեն ոչ բանտ ոչ ոստիկանություն, քանի որ հանցագործներ չկան:
Նրանց բնավորության առանձնահատկություններն են լավատեսությունը, հանգստությունը, հումորն ու հյուրասիրությունը:
Այստեղ տարեցները մեծ հարգանք են վայելում, իսկ ծերունական տկարամտությունն ու թուլությունը նրանց խորթ երևույթներ են:
Ողջ գեղեցիկ ասվածի մեջ, սակայն , հունզաները շատ աղքատ են, լեռնային տեղանքում մշակովի հողի ամեն մի կտորը ոսկու գին ունի, անձրևները եզակի են լինում, ձյունը` քիչ, ուստի տեղանքը սակավաջուր է:
Հացն այստեղ միայն սև է: Հացահատիկներն աղալուց հետո թեփը դեն չեն նետում, այլ խառնում են ալյուրին: Աճեցնում են գարի, կորեկ, ցորեն և հնդկաձավար:
Հունզաները բուսակերներ չեն, նրանք միս ուտում են, բայց միայն` տոնական օրերին: Խաղողի գինին ևս տոնական օրերի համար է պահվում:
Հետաքրքիր է, որ նրանք ուտում են օրը 2 անգամ` կեսօրին և երեկոյան: Նախաճաշում են միայն երեխաները:
Source: Yerkir Media
Link: Հունզաներ․ աշխարհի ամենաերկարակյաց եւ աղքատ մարդիկ