Հրդեհ՝ Սոթք գյուղում․ այրվել է մոտ 200 հեկտար խոտածածկ տարածք

September 1, 2017

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի հյուսիս արեւելյան կողմի խոտածածկ տարածքներում այսօր կեսօրվանից հրդեհ է բռնկվել, որը մարելու համար աշխատել են ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Գեղարքունիքի մարզի հրշեջ փրկարարները եւ Սոթք գյուղի մի քանի տասնյակ բնակիչներ՝ գյուղապետարանի անձնակազմի ղեկավարությամբ:

Ինչպես տեղեկացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքներում, որը տարածվել է մոտ 200 հեկտար տարածքում եւ ընդգրկել նաեւ սոճու պուրակները, որոնք ընդգրկում են մոտ 7 հեկտար տարածք:

Դրությունը բարդացել է այնքանով, որ մի կողմից հրդեհի տարածմանը նպաստել է քամոտ ու չոր եղանակը, մյուս կողմից էլ թեք ու քարքարոտ տեղանքում հնարավոր չի եղել մոտեցնել ջրցան մեքենաները, ուստի եւ հրշեջ փրկարարներին եւ նրանց աջակցող մարդկանց մնացել է կրակը մեկուսացնել այլ միջոցների գործադրմամբ:

«Այրվեց մոտ 200 հեկտար խոտածածկ տարածք: Կրակը հասավ նաեւ սոճուտներին: Բարեբախտաբար, միահամուռ ուժերով կարողացանք կանխել աղետը, այլապես սոճու անտառները եւս հրո ճարակ կդառնային: Մի 10-15 կիսայրված ծառ ունեցանք, բայց կրակի տարածումը կարողացանք կանխել: Ուղղակի անձնուրաց ձեւով աշխատեցին թե՛ հրշեջները, թե՛ մեր գյուղի երիտասարդները, այլապես վիճակն աղետալի կլիներ: Կրակի դեմ մաքառել ենք հնարավոր բոլոր միջոցներով: Սոճուտները հիմնականում փրկել ենք սոճու թաց ճյուղերի օգնությամբ: Ժամը 19:00-ի դրությամբ կարողացանք մեկուսացնել կրակը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Source: Yerkir Media
Link: Հրդեհ՝ Սոթք գյուղում․ այրվել է մոտ 200 հեկտար խոտածածկ տարածք

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image