Մանիլայում (Ֆիլիպիններ) նոյեմբերի 13-ին պաշտոնապես մեկնարկել է Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) 31-րդ գագաթաժողովը, ինչի առթիվ այդտեղ են ժամանել 19 պետությունների ղեկավարներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բացի ԱՍԵԱՆ-ի մեջ մտնող պետությունների ղեկավարներից, համաժողովի բացմանը նաեւ ներկա Էին «ասիական տասնյակի» երկխոսության գործընկեր պետությունների ղեկավարները: Մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը, Ճապոնիայի եւ Կանադայի վարչապետներ Սինձո Աբեն եւ Ջասթին Թրյուդոն, Հնդկաստանի կառավարության ղեկավար Նարենդրա Մոդին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
ԱՍԵԱՆ-ի գործարար գագաթաժողովն այս տարի միավորում է ավելի քան 800 պատվիրակների: Օրակարգում ներառված հարցերը վերաբերում են, մասնավորապես, ծայրահեղականության հակազդմանը, տարածաշրջանային ենթակառուցվածքի ստեղծմանը:
ԱՍԵԱՆ-ի անդամներ են՝ Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը եւ Ֆիլիպինները:
Source: Yerkir Media
Link: Մանիլայում մեկնարկել է ԱՍԵԱՆ-ի գագաթաժողովը