ՀՀ Աժ կանոնակարգ օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ կետի 8-րդ մասով սահմանվում է, որ ԱԺ հերթական նստաշրջանում կարող է քննարկվել նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցը: Իսկ կանոնակարգ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված է, որ Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ հունվարի երրորդ երկուշաբթիից մինչեւ հունիսի երրորդ հինգշաբթին եւ սեպտեմբերի երկրորդ երկուշաբթիից մինչեւ դեկտեմբերի երրորդ հինգշաբթին:
Սրանից հետևում է, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցը Ազգային ժողովում այս նստաշրջանի ընթացքում այլևս չի կարող քննարկվել, իսկ ԱԺ հերթական նստաշրջանը մեկնարկելու է միայն սեպտեմբերին: Դա իր հերթին նշանակում է, որ Մանվել Գրիգորյանին ստիպված են լինելու ազատ արձակել:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ին բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով,ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը: