«Մենք որոշել ենք, որ ոչ մեկի վրա ցեխ չենք շպրտելու»․ ՀՅԴ ավագանու թեկնածուները ՀԱԹ-ում էին

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՅԴ թիմն այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում էր: Թեկնածուները բնակիչների հետ հանդիպմանը ներկայացրին իրենց ծրագիրը, հորդորեցին նրանց վստահել ու սեպտեմբերի 23-ին քվեարկել հենց ՀՅԴ օգտին:

ՀՅԴ ավագանու թեկնածուներից Ալեսյա Բեջանյանն իր խոսքում նշեց, որ ամսի 23-ին կընտրենք մի ավագանի, որը մի քանի տարի իր ձեռքը կվերցնի քաղաքի կառավարումը: «ՀՅԴ-ն երբեք չի եղել ավագանու կազմում, բայց մենք երբևէ չենք բացակայել բակերից, շենքերից, քաղաքից: Իրականում քաղաքում և երկրում ինչքան հասարակական հնչեղության խնդիրներ են եղել, մենք ներկա ենք եղել, մենք արձագանքել ենք»,- շեշտեց նա:

Նրա խոսքով՝  իրենց թիմը բավականին երիտասարդ է, հավակնոտ, թիմում բոլորը պրոֆեսիոնալ են և գիտեն Երևանի խնդիրները լուծելու տարբերակները: «Չկա մի խնդիր, որի լուծման բանաձևը մենք չունենանք, մենք այն համոզմունքն ունենք, որ Երևանը պետք է լինի համահայկական մայրաքաղաք,  և դա է պատճառը, որ մենք ընտրել ենք՝ «միասին հանուն»-ի կարգախոսը»,- հայտարարեց նա:

Ավագանու ՀՅԴ ցուցակի երրորդ համար Խաչատուր Ստեփանյանն էլ նշեց, որ իր բոլոր ուժերը ներդնելու է՝ ծառայելու Երևանին: «Մենք ունենք Երևան քաղաքի կառավարման մեր ուրույն սկզբունքը, որը պետք է անպայման գործադրենք: Երևանը լինելու է կանաչ քաղաք, տրանսպորտային առումով անվտանգ, գրավիչ քաղաք»,- ասաց նա:

Նա իր խոսքում շեշտեց, որ ՀՅԴ-ն գործի կուսակցություն է, և  կոչ արեց ամսի 23-ին քվեարկել իրենց օգտին: «Քվեարկում ենք 9-ի օգտին և  կյանքը կտրուկ փոխվելու է, մենք ոչ միայն խոսք ենք տալիս, այլև անելու ենք, ընդ որում` բոլորի համար: Մենք սև-սպիտակ տարբերակում չենք դնելու, մենք դալտոնիկ չենք, բոլորին լավ տեսնում ենք: Քվեարկեք ՀՅԴ-ի օգտին,  և Դաշնակցությունը կլինի անխտիր բոլորի կուսակցությունը»- ընդգծեց նա:

ՀՅԴ ավագանու թեկնածու, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ կոնկրետ հենց Մալաթիա-Սեբաստիա համայնքի խնդիրներին: Նա նշեց, որ հիմնականում քաղաքային խնդիրները բոլոր վարչական շրջաններում էլ  նույնն են: «Ես, լինելով Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ, կարևորում եմ առաջին հերթին ծառապատումը: Ճիշտ ծառապատում պետք է լինի, այնպիսի ծառերի տեսակներ, որոնք առաջացնում են մեծ ստվեր, որովհետև Մալաթիա Սեբաստիա շրջանը Երևանի ամենաշոգ շրջաններից մեկն է: Ձմռան համար էլ պետք է այնպիսի ծառատեսակներ տնկել, որոնք մշտադալար են բոլոր եղանակներին»,- ասաց նա:

Եղիազարյանի խոսքով՝ իրենց վարչական շրջանի մյուս կարևոր խնդիրը տրանսպորտային միջոցն է: «ՀԱԹ-ը հագեցած է: Քանի որ առևտրային շրջան է, քաղաքի բոլոր հատվածներից այստեղ մարդիկ են գալիս, խնդիրն այս հոսքերի ճիշտ կարգավորումներն են: Դեռ տարիներ առաջ առաջարկություն եմ արել, որ ՀԱԹ-ում վերգետնյա մետրոպոլիտենի կայան հասցվի: Այսօր թունելային մետրոպոլիտենի կայանի կառուցման մասին խոսելը ողջամիտ չի լինի, դա ծախսատար կլինի: Իհարկե, կարելի է  սկսել, բայց դա երկար տարիների լուծման խնդիր է, և պահանջում է շատ լուրջ միջոցներ: Այստեղ այդ խնդիրը հնարավոր է լուծել Չարբախի կայանից երկու վերգետնյա կայան հասցնելով ՀԱԹ»,- շեշտեց նա:

Հարցին էլ, որ մյուս քաղաքական ուժերը այլ դաշտ են տանում Երևանի ավագանու ընտրությունները և քարոզարշավի շրջանակում մի կողմը սկսել է վիրավորել մյուսներին, մյուս կողմերն էլ սպառնում են՝ կողմ չեն քվեարկի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օգտին, ինչո՞ւ է այս ֆոնին ՀՅԴ-ն լռում և միայն իրենց ծրագիրը ներկայացնում, Եղիազարյանը պատասխանեց. «Մենք առաջին հերթին չենք ուզում մեր սկբզունքներից շեղվել և այս ընտրության էությունից դուրս գալ: Սա Երևանի ավագանու ընտրություն է, և պետք է մեր բնակչությանը միայն ու միայն մատուցենք այն ծրագրերը, որոնք հենց քաղաքացիների հոգսն են թեթևացնելու: Ճիշտ է՝ ընտրապայքարը քաղաքական ուժերի միջև է, բայց այն պետք է լիներ ծրագրային, Երևանի խնդիրների հետ կապված: Կարծում եմ՝ որոշ քաղաքական ուժեր հեռահար նպատակներ են հետապնդում՝ ԱԺ ընտրություններին նախապատրաստվում: Ուժերից մեկը պրովակացիոն առիթ տվեց և արդեն արձագանքող եղան այլ քաղաքական ուժերից: Մենք աշխատում ենք զերծ մնալ, չշեղվել այս ընտրության տրամաբանությունից, մենք որոշել ենք, որ ոչ մեկի վրա ցեխ չենք շպրտելու, խոսելու ենք մեր անելիքներից, մնացածն այդ քաղաքական ուժերի խնդիրն է: Մենք խոսում ենք մեր անելիքներից, մեր ծրագրերից»:

Source: Yerkir Media
Link: «Մենք որոշել ենք, որ ոչ մեկի վրա ցեխ չենք շպրտելու»․ ՀՅԴ ավագանու թեկնածուները ՀԱԹ-ում էին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image