Նախագահը Մյունխենում հանդիպել առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ
February 19, 2018
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի ավարտին՝ փետրվարի 18-ին, Մյունխենում աշխատանքային նախաճաշ է ունեցել Բավարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Էբերհարթ Զասսեի, «Մյունխեն» բանկի սեփականատեր և նախագահ Վիլֆրիդ Գերլինգի, «Սիմենս» ընկերության էներգիայի և գազի արտադրության գծով գործադիր տնօրեն Վիլիբալդ Մայքսների և «Զասսե» ընկերության համասեփականատեր Քրիստինա Զասսեի հետ:
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում այսօր հաջողությամբ գործում են գերմանական կապիտալի մասնակցությամբ շուրջ ութ տասնյակ ձեռնարկություններ, որոնք գործունեություն են ծավալում տնտեսության տարբեր ոլորտներում։ Նախագահը տպավորիչ է համարել Բավարիա երկրամասի տնտեսական հաջողությունները, որում մեծ դերակատարում ունի Բավարիայի առևտրաարդյունաբերական պալատը և հույս հայտնել, որ կհաջողվի համատեղ զարգացնել տնտեսական հարաբերություններ Բավարիա երկրամասի հետ։
Հանդիպմանը մասնակցող Բավարիայի երկրամասի առաջատար ընկերությունների ղեկավարները նշել են, որ Հայաստանի հետ տնտեսական համագործակցություն զարգացնելու մեծ հեռանկար են տեսնում և առաջիկայում նախատեսում են Բավարիայի առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակության ճանաչողական այց Հայաստան` ուսումնասիրելու փոխշահավետ և համագործակցության համար հեռանկարային ոլորտները: