Նախագահն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարին
October 2, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը արդյունավետորեն և դինամիկ զարգանում է, ինչի գործնական արտահայտություններից է նաև Եվրամիության օժանդակությամբ երեկ բացված Բավրայի նորակառույց սահմանային անցակետը:
Հանձնակատար Հանի հավաստմամբ, մասնագիտացված ծառայության՝ Սահմանային և առափնյա հսկողության եվրոպական գործակալության (Frontex) գնահատմամբ՝ Բագրատաշենի և Բավրայի անցակետերը լավագույններից են Եվրոպայի սահմաններից դուրս:
Հանդիպմանը Հանրապետության նախագահը և հանձնակատար Հանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: