Գյումրու պատմական կենտրոնի զարգացման ծրագրին եւ Շիրակ օդանավակայանի աշխատանքներին ծանոթանալու նպատակով աշխատանքային այցով այսօր Գյումրիում էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Ավիաընկերությունների հետաքրքրությունը բարձրացնելու համար Գյումրիի օդանավակայանում բարեփոխումներ կիրականացնի արգենտինացի ներդրողը: Նախնական 2,5 միլիոն դոլարի ներդրումային աշխատանքներն արդեն մեկնարկել են:
Օդանավակայանից Կարեն Կարապետյանը պատվիրակության հետ այցելել է Գյումրու գարեջրի ածիկի գործարան, ապա Լոֆթ ժամանցի կենտրոն եւ Գյումրու Տեխնոլոգիական կենտրոն, որտեղ ներկաներին ավելի մանրամասն ներկայացվել է Գյումրու պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը:
Մինչ ծրագրի բուն մեկնարկը ստեղծվելու է ֆոնդ եւ կառավարիչ: Ֆոնդի ներդրումային փաթեթն այս պահին 10 միլիոն դոլար է՝ տարբեր աղբյուրներից: Ֆոնդի առաջին ներդրողը վարչապետն է: Կարապետյան ընտանիքի անունից նա 500 հազար դոլար ներդրում է կատարել:
«Ծրագիրն իրականացվելու է փուլային կարգով: Այսօր շատ բարձր տրամադրությամբ ենք եկել Գյումրի, ինչի համար նախ շնորհակալ ենք այն գործարարներին, ովքեր ցանկություն հայտնեցին միանալ մեզ: Այս ծրագիրը նախ եւ առաջ Գյումրիում կլինի տրամադրություն փոխող ծրագիր: Կարծում եմ հենց այսօր մենք սրանով մեկնարկ կտանք մեծ ներդրումային ծրագրի, որը բավական հետաքրքիր է: Ցավոք սրտի, ես բիզնեսով զբաղվելու հնարավորություն չունեմ, բայց ես խնդրել եմ իմ ընտանիքի անդամներին, որպեսզի իրենք էլ ներդրում անեն»,-նշել է վարչապետը:
Source: Yerkir Media
Link: Ներկայացվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը