Նոր կառավարության քաղաքականության մեջ օտար լեզուների ուսուցումը կարևոր տեղ է զբաղեցնում. ԿԳ նախարար

May 15, 2018

Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիեսլերի գլխավորած պատվիրակության հետ:

Նախարարը շեշտել է, որ ՀՀ նոր կառավարությունը կրթության և գիտության ոլորտում կարևորում է միջազգային փորձագիտական աջակցությունը և համագործակցությունը:

Դեսպան Մաթիաս Քիեսլերը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Դեսպանը նշել է, որ հայ-գերմանական երկկողմ հարաբերություններում կրթության ոլորտի ծրագրերն առաջնային տեղ են զբաղեցնում: Դեսպանի խոսքով` նախկինում ծավալվել է արդյունավետ համագործակցություն, մասնավորապես գերմաներանի՝ որպես օտար լեզվի ուսուցման, ինչպես նաև մասնագիտական կրթության ուղղություններով: Որպես երկկողմ համագործակցության նշանակալի ձեռքբերում՝ դեսպանը նշել է վերջերս Գերմանիայի Դաշնային Հանրապետության լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության 12-ամյա միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատների ճանաչումը, որը հնարավորություն է տալիս հայ աշակերտներին միանգամից դիմել Գերմանիայի բուհեր:

Նշվել է, որ այժմ Հայաստանի 7 դպրոցներում իրականացվում է գերմաներենի խորացված ուսուցում և դեսպանատունը կարևորում է դպրոցների ցանկի ընդլայնումը: Կարևորվել է միջին մասնագիտական կրթության ոլորտում գերմանական դուալ համակարգի ներդրումը: Այժմ Հայաստանի 4 ՄԿՈՒ հաստատություններում ներդրված է 5 պիլոտային ծրագիր` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ:
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ նոր կառավարության քաղաքականության մեջ օտար լեզուների ուսուցումը կարևոր տեղ է զբաղեցնում. «Համոզված ենք, որ օտար լեզուների արդյունավետ ուսուցումը կապված է դասավանդման արդյունավետության հետ: Այս համատեքստում մենք հետաքրքրված ենք նաև գերմաներենի ուսուցման արդյունավետության բարձրացմամբ և այդ ուղղությամբ բոլոր ծրագրերը կստանան աջակցություն»,- նշել է ԿԳ նախարարը և համոզմունք հայտնել, որ կրթությունն ապահովելու է առաջընթաց բոլոր ոլորտներում:

Source: Yerkir Media
Link: Նոր կառավարության քաղաքականության մեջ օտար լեզուների ուսուցումը կարևոր տեղ է զբաղեցնում. ԿԳ նախարար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image