«Իմ քայլը» դաշինքի մեծագույն առաքելությունն է այնպես անել, որ քաղաքացիների աչքերի փայլը ոչ միայն չխամրի , այլև ավելի ուժեղանա և փոխանցվի սերնդեսերունդ: ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտնեց «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քարոզարշավի իր ելույթում:
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձավ, թե ինչու են իրենք քաղաքապետի թեկնածու ընտրել Հայկ Մարությանին:
«Այս հարթակում կանգնած մարդկանցից շատերը կարող էին լինել քաղաքապետի թեկնածու, բայց այս ժամանակաշրջանում քաղաքապետի թեկնածուի անձի մեջ մենք շատ կարևոր համարեցինք, թե ինչ ուղերձ է տրված լինելու այդ ընտրության մեջ: Ես ուզում եմ ընդգծել, որ Հայկ Մարությանը մի մարդ է, ով չարչարանքով, քրտինքով, գիշեր-ցերեկ աշխատելով ստեղծել է իր անունը»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով` նոր Հայաստանում պետք է ամենաշատը խրախուսվի մարդու աշխատանքը, տաղանդը և ինքնավստահությունը:
Source: Yerkir Media
Link: «Նոր Հայաստանում պետք է ամենաշատը խրախուսվի մարդու աշխատանքը»․ Փաշինյան