«Նստել ու երազել հովանավորների մասին, ճիշտ մոտեցում չէ». Գառնիի համայնքապետի թեկնածու

hraparak.am-Գառնի մտնելիս չես ասի, թե գյուղը պատրաստվում է համայնքապետի ընտրության: Ավելորդ աղմուկներ, պաստառներ, հավաքված խմբեր չես տեսնի: Մեծ գյուղի մարդիկ իրենց այգիներում իրենց գործին են: Մինչդեռ թվում էր՝ համայնքապետի 4 թեկնածու և 5600-5800 ընտրող ունեցող գյուղը ընտրություններից մի քանի օր առաջ պիտի եռար նախընտրական հևքով: Խաբուսիկ չէ՞ր արդյոք մեր առաջին տպավորությունը: Ինչպես հետո պարզվեց՝ այո:

Համայնքապետի թեկնածուներն, ինչպես ասացի 4-ն են՝ գործող գուղապետ, արդեն 20 տարի այդ պաշտոնն զբաղեցնող նախկին ԲՀԿ-ական (որոշ տվյալներով՝ ծպտյալ ԲՀԿ-ական) Աշոտ Վարդանյանը, ՀՀԿ-ի հովանավորյալ Ահարոն Սահակյանը, ինքնառաջադրված ակտիվիստ Արուսյակ Այվազյանը և ՀՅԴ ներկայացուցիչ Տիգրան Կարապետյանը:

Տիգրանին վերջին անգամ հանդիպել էի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին՝ Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությունում: ՀՅԴ կամավորական ջոկատի կազմում էր որդու հետ: Դա նրա արցախյան երկրորդ պատերազմն էր: Առաջինն սկսվել էր 1989 թվականին և նրան մարտադաշտում պահել 5 տարի: Վերադարձել է հայրենի գյուղ, որտեղ անցել էին նրա մանկությունն ու պատանեկությունը, որտեղ հոր օջախի վրա օջախ է դրել, արմատներ գցել: Շատ չենք շփվել, բայց Գառնիի համայնքապետի պաշտոնում նրա առաջադրումն ինձ համար անակնկալ չէր: Գիտեի որ ՀՅԴ տեղի կառույցի ամենաակտիվ անդամներից է, նաև՝ Երևանում ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնի տնօրենը:

– Տիգրան,- ասում եմ,- մեծ համարձակություն է պետք Գառնիի նման համայնքում առաջադրվելու համար: Գառնին մեր այն գյուղերից չէ, որ մեկը գա, ջրագիծ կառուցի ու մի քանի տարի շարունակ թմբկահարի իր «արածները»: Համատարած աղքատությունը, որ կա երկրում, այստեղ նույնքան նկատելի չէ: Ուզում եմ ասել՝ գյուղապետի թեկնածուն ստիպված է այստեղ բարձր նշաձող սահմանել, որովհետև բուն խնդիրները մի քիչ այլ կարգի են, քան մեր շատ բնակավայրերում:

– Համամիտ եմ, բայց այնպես չէ, որ Գառնիում ամեն ինչ հրաշալի է, ու գյուղապետին մնալու է նստել գյուղապետարանում ու կառավարել այս ամենը: Գառնին շեն գյուղ է եղել նաև խորհրդային տարիներին: Այն ժամանակ նույնիսկ համարվում էր միլիոնատեր սովխոզ: Վերջին 20 տարում, կարելի է ասել, բան չի ավելացել, դեռ եղածի մի մասն էլ տվել ենք ձեռքից: Մենք ունեինք շուրջօրյա բարձրորակ խմելու ջուր, իսկ այսօր ժամով ենք ջուր ստանում: Ոռոգման ջրի խնդիր ունենք, որ նախկինում չենք ունեցել: Ճանապարհների հարց ունենք, երիտասարդության զբաղվածության հարց…

– Արտագաղթ կա՞

– Կա, իհարկե, բայց ոչ այն թափով, որ նկատվում է երկրում: Գառնիից արտագաղթը մի փոքր այլ բնույթի է: Գյուղի դպրոցներից տարեկան 30-40 շրջանավարտ բուհ է ընդունվում, իսկ հետ՝ քչերն են վերադառնում: Շատերը քաղաքում աշխատանք են գտնում, այդպես կտրվում գյուղից: Զբաղվածության հարցը շատ կարևոր է այս տեսանկյունից: Լուրջ աշխատուժ ունեցող և բերքուբարիքով հարուստ գյուղում պտուղ-բանջարեղենի վերամշակման ու պահածոյացման գործարան չունենալն արդեն իսկ խնդիր է: Ունենք մշակույթի տուն, կարող ուժեր, բայց ֆինանսական անբավարարության պատճառով նույնիսկ մարզադրոցը, երաժշտական և կերպարվեստի դպրոցները չեն աշխատում ողջ կարողությամբ:

– Ֆինանսական խնդիրներն ամենուր են, երևի պետք է հովանավորներ գտնել, ներդրողներ:

– Նստել ու երազել հովանավորների մասին, սպասել, որ կգա մի հարուստ սփյուռքահայ ու այստեղ փող կդնի ճիշտ մոտեցում չէ: Այդ նույն ներդրողը պետք է տեսնի, որ անապատում ներդրում չի կատարում, այլ զարգացող համայնքում, որ այդ համայնքը ձգտում է էլ ավելի բարեկեցիկ կյանքի, որ նա դրա համար որոշոկի բյուջե է գոյացնում և այդ բյուջեն, ներառյալ նաև պետական դոտացիաները մնում են տեղում, տեղական իշխանությունն այդ միջոցները ծախսում է համայնքի զարգացման, այն ավելի հզոր դարձնելու համար:

– Գառնիում գոյացող բյուջեն և դոտացիաները, ի՞նչ ես կարծում, բավակա՞ն են ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար:

– Իհարկե բավական են: Այդ գումարներով կարելի է ջրագիծ նորոգել և շուրջօրյա ջրամատակարարման հարց լուծել, ոռոգման վթարված ջրանցքը վերականգնել, գյուղի փողոցները կարգի բերել: Ես վստահ եմ, այդ ամենը տեսնելով չեն ուշանա նաև հովանավորներն ու ներդրողները: Հավանաբար շատերը գիտեն, որ ՀՅԴ-ն սփյուռքում ունեցած իր ազդեցությամբ ու քարոզչությամբ խթանում է այդ հարցը, և Գառնին կարող է վաղը դառնալ ներդրումների առումով ամենագրավիչ համայնքներից մեկը:

– Գյուղը և շրջակայքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, իսկ դա գյուղական զբոսաշրջությունը զարգացնելու լավագույն գրավական է:

-Գառնիում և նրա շուրջը 40-ից ավելի հուշարձան կա: Բայց մեր գյուղ այցելող զբոսաշրջիկները, որովհետև չկան գիշերելու և այլ կենցաղային պայմաններ, շտապում են ժամ առաջ ճանապարհվել Երևան: Մինչդեռ այս ուղղությունը կարելի է զարգացնել փոքր և ընտանեկան բիզնեսի ուժերով, ինչպես արվում է վրացական շատ ծովափնյա քաղաքներում:

– Տիգրան, մեկ-երկու գործ նշիր, որ կուզենայիր անել ու թողնել քո հաջորդին:

– Համայնքի ղեկավարի համար բոլոր գործերն են կարևոր: Եվ, առհասարակ, ամեն հաջորդ իր նախորդի ողջ արած-չարածն է ժառանգում: Ես կողմ չեմ նաև այն աշխատաոճին, որ մի քանի տարի շարունակ, մնացած գործերը թողած, կենտրոնանում են մի խնդրի վրա ու լուծում, լուծում… Եթե համայնքապետը ողջ օրը պետք է թառի աթոռին ու երկրորդ, երրորդ ձեռքից տեղեկանա գյուղի գործերին, նա չի կարող ոչինչ անել: Համայնքապետի տեղը այգիներն են, գյուղի անկյունները, գյուղամեջը, նա չպետք է ոչնչով տարբերվի իր համագյուղացիներից, նրանց հետ հող պետք է մշակի, նրանց հետ միասին պետք է քրտինք թափի, որ հետո արվածն իրենը համարի: Այսուհանդերձ երկու գործ նշեմ, որ կուզենայի արված տեսնել: Առաջինը մեր բանավանի կարգավիճակի ճշտումն ու գիտահետազոտական աշխատանքների աշխուժացումն է, իսկ երկրորդը՝ հիվանդանոցի հիմնանորոգումն ու ժամանակակից սարքավորումներով կահավորելը: 50-80 մահճակալային տեղով այս հիվանդանոցը, որ ժամանակին Գառնիից բացի սպասարկել է նաև շրջակա չորս գյուղերի բնակչությանը, նույնիսկ ծննդօգնության բաժանմունք է ունեցել:

– Տիգրան, բոլորովին վերջերս գառնեցիները կանգնեցին և թույլ չտվեցին գյուղի ջուրն իրենցից խլել: Հետո սկսվեցին խոսակցությունները, որ գործող գյուղապետը գառնեցիներին պաշտպանելու փոխարեն, նրանց համոզում էր տեղի տալ:

-Մեկնաբանությունները շատ են, երբեմն իրարամերժ, բայց իրականությունը մեկն է՝ յուրաքանչյուր բնակավայր, իսկ հազարամյակների պատմություն ունեցող բնակավայրն առավել ևս, ունի բնական իր միջավայր, որը խաթարել չի կարելի: Գետի հուն փոխել, անտառները կտրել, հանքեր բացել, սելավների բնական հուները խաթարել՝ նշանակում է ոչնչացնել միջավայրը, դրա հետ միասին նաև բնակավայրը: Համոզել տվյալ բնակավայրի բնակչին՝ տեղի տալ այդ ամենին, նշանակում է՝ համոզել նրան, որ իր սերունդներն այլևս այդտեղ չեն ապրելու: Ես չեմ կարող չնշել իմ մրցակցի անունը՝ Արուսյակ Այվազյանին, ով այդ օրերին ամենակտիվ պայքարն էր ծավալել հօգուտ Գառնիի:

– Ի դեպ՝ մրցակիցներիդ մասին: Նրանք թույլերից չեն, եթե հաշվի առնենք, որ նրանցից մեկը 20 տարի շարունակ ղեկավարել է Գառնին, իսկ մյուսին սատարում է ՀՀԿ-ն: Ինչպե՞ս է ընթանում ընտրարշավը, արդյոք, ամեն ինչ օրենքի սահմաններո՞ւմ է, ընտրակաշառք չե՞ն բաժանում:

– Եթե մեկը պետք է փող բաժանի որ իր գյուղում գյուղապետ դառնա, դրանից ավելի ամոթալի բան չկա: Մեկ-երկու դեպքի մասին լսել ենք, փող են առաջարկել: Խոսել ենք կողմերի հետ, կարգավորել ենք հարցը, որ տարածում չգտնի: Եղան նաև գոտկատեղից ներքև հարվածելու փորձեր, բայց այդ «լավ» տղաներին էլ հրավիրեցինք շտաբ, զրուցեցինք, հասկացանք, որ հոկտեմբերի 2-ին հաջորդելու է հոկտեմբերի 3-ը ու բոլորս ապրելու ենք նույն գյուղում: Մտավախություն, որ անհամություններ կլինեն, չկա: Բոլոր մրցակիցներիս հարգանքով եմ վերաբերվում և նույնն եմ ակնկալում նաև նրանցից:

– Գառնիում տեղի են ունենալու համայնքապետի և ավագանու ընտրություններ: ՀՅԴ-ն թեկնածուներ ունի՞ ավագանու ընտրություններում:

– Այո, մենք կարևորում ենք ավագանու գործունեությունը: Մեր ընկերներից երեք թեկնածու ունենք, Գառնիին շատ պետքական մարդիկ, որոնց հետ աշխատել կերազի յուրաքանչյուր համայնքապետ:

– Ի՞նչ ուղերձ ունեք գառնեցիներին:

– Կցանկանայի, որ նրանք ճիշտ կողմնորոշվեն, ճիշտ ընտրություն կատարեն և ունենան իրենց արժանի համայնքապետ, որը մեկ տարի անց չի դառնա կենտրոնական իշխանությունների կամակատարը:

Էդիկ Անդրեասյան

 


Source: Yerkir Media
Link: «Նստել ու երազել հովանավորների մասին, ճիշտ մոտեցում չէ». Գառնիի համայնքապետի թեկնածու

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image