Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Վահե Կիրակոսյանը Սեբաստիա փողոցում իր վարած Mercedes մակնիշի 99 DD 800 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 68-ամյա Վլադիմիր Կույնեցիին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը ահազանգել է 1-03 շտապօգնություն, այնուհետև ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, և մինչ կժամաներ շտապօգնության բրիգադը, վրաերթի ենթարկվածը մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը, ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և նրա տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արտավազդ Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել թույլատրելի հատվածով, իսկ վարորդ Վ. Կիրակոսյանն աշխատում է ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի 2-րդ դասակում՝ որպես հրամանատար, կոչումով մայոր է։
Շամշյանի տեղեկություններով՝ ավագ քննիչի կողմից հարուցված քրեական գործը փոխանցվելու է հատուկ քննչական ծառայություն։ Վարորդն էլ տեղում ենթարկվել է փորձաքննության և պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում։
Source: Yerkir Media
Link: Ոստիկանության մայորը՝ ոչ սթափ վիճակում, վրաերթի է ենթարկել հետիոտնին