Չավուշօղլուն պատասխանել է Գերմանիայի արտգործնախարարին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Գերմանիայի իր գործընկերոջը՝ Զիգմար Գաբրիելին երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Այս մասին Չավուշօղլուն խոսել է թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում՝ անդրադառնալով Թուրքիայում գերմանացի իրավապաշտպանի կալանավորումից հետո պաշտոնական Բեռլինի կողմից հնչեցված հայտարարություններին:

Գաբրիելը հայտարարել էր, որ սկզբնական փուլում Թուրքիային ուղղված քայլեր են ձեռնարկելու երեք տարբեր կետերով. ոչ ոքի խորհուրդ չտալ ներդրումներ անել մի երկրում, որտեղ օրենքը երաշխավորված չէ, նախազգուշացնել Թուրքիա մեկնել պատրաստվող Գերմանիայի քաղաքացիներին, վերանայել Թուրքիային ուղղված ԵՄ ֆինանսական աջակցությունը: Ի պատասխան այս հայտարարության Չավուշօղլուն նշել է, որ իրենք «անպայման պատասխանելու են այս քայլերին»:

«Գերմանիան ամենալավը գիտի, որ Թուրքիան ոչ մի սպառնալիքի կամ շանտաժի չի ենթարկվում»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: Նա գերմանական կողմից հնչեցվող հայտարարություններն անվանել է նախընտրական շրջանի «պոպուլիստական» քայլեր:

Չավուշօղլուն հերթական անգամ մեղադրել է գերմանական կողմին ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելու մեջ՝ նշելով, թե տարբեր երկրների կողմից արտաքսվող ահաբեկիչներն ապաստան են ստանում Գերմանիայում:

«Գերմանիան դարձել է այն առաջատար երկիրը, որտեղ Թուրքիայի դեմ գործող ահաբեկիչներն ու ահաբեկչական խմբավորումները վերսկսում են իրենց գործունեությունը»,- ասել է նա:

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, ով Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Պետեր Ստոյդթներին կալանավորելուց հետո ընդհատել է արձակուրդն ու վերադարձել Բեռլին, հուլիսի 20-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Գերմանիան փոխում է իր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ:

Source: Yerkir Media
Link: Չավուշօղլուն պատասխանել է Գերմանիայի արտգործնախարարին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image