«Չենք պատրաստվում ուրիշի թալանը մեր թալանով փոխարինել»․ վարչապետը հանդիպումներ է ունեցել Մեղրիի, Քաջարանի և Կապանի բնակիչների հետ

July 5, 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները Սյունիքի մարզի բնակչության հետ: Օրվա երկրորդ կեսին կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Մեղրիի, Քաջարանի և Կապանի բնակիչների հետ:

«Հայաստանում քաղաքական փոփոխությունների կերտողը, սեփականատերը դուք եք, և կոչ եմ անում պինդ բռնել այդ հաղթանակը և ձեռքից  բաց չթողնեք: Դուք միշտ պետք է լինեք բարձրագույն իշխանություն, իշխանությունը ձեզ պետք է ճանաչի որպես ղեկավար, վերադաս, բայց դուք էլ ձեր կողմից ձևավորված իշխանությանն օգենք, որ մենք լինենք մաքսիմալ արդյունավետ: Ես եկել եմ այստեղ էներգիա հավաքելու և ձեր կողմից պատվիրակված գործը շարունակելու»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով այցի գործնական նպատակին՝ վարչապետն ասել է, որ այցի արդյունքներով ունեն կոնկրետ որոշումներ, համայնքներում սուբվենցիաների միջոցով իրականացվելու են կապիտալ շոշափելի ծրագրեր՝ ճանապարհաշինության, ոռոգման համակարգերի կառուցման և այլ ուղղություններով: «Պայմանավորվել ենք, որ համայնքները պետք է ծրագրերը ներկայացնեն և մարդիկ պետք է այս փուլում  գործնական փոփոխությունները տեսնեն իրենց միջավայրում: Մարդիկ պետք է տեսնեն փոփոխություններն իրենց բակում, ընտանիքում, կենսամակարդակում»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

pashinyan-handipum

Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտի մասին հարցին՝ վարչապետը նշել է, որ ոլորտի հետ կապված փաստեր հավաքելու դեպքում կկայացվեն համապատասխան որոշումներ: Մասնավորապես, Մեղրիում բնակիչներից մեկը տեղեկացրել է, որ Լիճքի հանքավայրի շահագործման դեմ բողոքի ցույցերը դադարեցրել են՝ հետևելով վարչապետի կոչին և  հույս ունեն, որ այդ հարցին կտրվի արդար լուծում:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում այս երկրի ընդերքը քանդվում է, արտահանվում ու համարվում է, որ տնտեսությունն աճում է՝ կախված նաև պղնձի գներից:

«Կարծում եմ՝ սա խնդիր է, բայց չեմ կարծում, որ պետք է հանքարդյունաբերությունը փակենք: Հանձնարարական եմ տվել, որ բոլոր մետաղական հանքավայրերում ստուգումներ իրականացվեն, ստուգվի դրանց համապատասխանությունը բնապահպանական նորմերին: Խնդրում եմ հնարավորություն տալ, որ հավաքվեն փաստեր, որոնց հիման վրա հնարավոր կլինի կայացնել որևէ որոշում: Ես որպես վարչապետ իրավունք չունեմ հենց այնպես որոշել, որ հանքերը փակվեն: Խնդիրներին ծանոթ եմ, որոշում կայացնելու համար պետք է հավաքել փաստեր, որոնք կլինեն անառարկելի, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի կայացնել որոշումներ»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է, որ որևէ հանքի հետ կապված որևէ կոռուպցիոն պարտավորություն չունի, իր միակ պարտավորությունը ժողովրդի առաջ է:

Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ կառավարությունը հետևողականորեն գնալու է ժողովրդից գողացված յուրաքանչյուր միջոցի հետևից:

«Նրանք, ովքեր ժողորդից գողացել են, պետք է ձերբակալվեն: Ինձ համար կլինի խայտառակություն, որ իմ իշխանության օրոք որևէ մեկը քաղբանտարկյալ լինի, մեզ համար կարևորն արժեքներն են, օրինականությունն է, մենք չենք պատրաստվում ուրիշի թալանը մեր թալանով փոխարինել, մենաշնորհը՝ մեր մենաշնորհով փոխարինել: Ձեզնից յուրաքանչյուրի առաջ ունեմ պարտավորություններ, որ մենք հետևողականորեն թալանվածը վերադարձնելու ենք, անկախ թալանողի անուն, ազգանունից»,-  ասել է վարչապետը:

Ամփոփելով Սյունիքի մարզ այցը՝ վարչապետը նշել է, որ այն հաջողված էր ու արդյունավետ: «Երբեք թույլ չտաք, որ որևէ մեկն իշխի ձեզ, սրանից հետո դուք եք իշխանության բարձրագույն կրողը, այնպես որ հաղթանակը պինդ պահեք ձեր ձեռքերում: Ուս ուսի տված մենք պետք է Հայաստանի յուրաքանաչյուր քառակուսի մետր ծաղկեցնենք»,- եզրափակել է  Նիկոլ Փաշինյանը:

Source: Yerkir Media
Link: «Չենք պատրաստվում ուրիշի թալանը մեր թալանով փոխարինել»․ վարչապետը հանդիպումներ է ունեցել Մեղրիի, Քաջարանի և Կապանի բնակիչների հետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image