Պաշտպանության նախկին նախարարը բացել է բոլոր փակագծերը
February 25, 2017
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդրանիկ համագումարը մեկնարկել է Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վարդան Օսկանյանի համաձայնագրի ընթերցմամբ: Համաձայնագիրը փաստում է՝ երեք ուժերն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասին:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ համաձայնագրին միացել են նաեւ մի շարք այլ կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ: Աղքատություն, արտագաղթ, պետական պարտք՝ համագումարի ընթացքում հնչել են գործող իշխանություններին քննադատող, թերությունները մատնանշող ելույթներ:
Դաշինքի առաջնորդները վստահեցրել են՝ իրենք կարող են երկիրը տանել բարեփոխումների ճանապարհով: Այդ գործում առաջնորդվելու են բժշկական հայտնի «մի վնասիր» սկզբունքով:
Համագումարին ներկա չի եղել Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ով իր ողջույնի խոսքը փոխանցել է տեսաուղերձի միջոցով: Համագումարը եզրափակվել է Սեյրան Օհանյանի ելույթով: Պաշտպանության նախկին նախարարը որոշել է բացել բոլոր փակագծերը: Վստահեցրել է՝ գործող իշխանության կազմում որեւէ պաշտոնյայի հետ տարաձայնություն չունի: Գործող իշխանության շարքերում իրեն չի տեսնում , քանզի տարբեր են ապագա մարտահրավերներին դիմակայելու իրենց մոտեցումները: