yerkir.am— ԱԺ-ն այսօր քվեարկեց երեկ քննարկած օրինագծերը: Վիճաբանություն տեղի ունեցավ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքների փաթեթի քվեարկության ժամանակ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց` քանի որ այսօր նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումները հավանաբար ավելի վաղ կավարտեն, քան 16:30, երբ կառավարության հետ հարցուպատասխանն է մեկնարկում, այսօր քննարկել այս օրենքը երկրորդ ընթերցմամբ և քվեարկել:
Սրան սակայն դեմ արտահայտվեց «Ծառուկյան» խմբակցությունը:
«Ինձ շարունակում է համառորեն թվալ, որ մենք Ազգային ժողովում ենք աշխատում, ուստի վաղն աշխատանքի գալը, եթե ոմանց համար ծանր բեռ է, մեզ համար մեր պարտականությունն է, և մենք որևէ հրատապություն չենք թողնում այս հարցն այսօր քննարկելու»,- ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Գևորգ Կոստանյանը նշեց, որ խնդրի ընդունման ժամկետն է էական, այսինքն՝ այն է էական, թե ինչքան շուտ այս օրենքը պետք է ընդունվի, որպեսզի դրա կարգավորման հարցը տարածվի:
«Ոչ ոք չի ասում, որ մենք վաղը աշխատանքի չենք գալու, բայց դա ավելի լուրջ հիմքեր ունի, քան աշխատանքի չգալը»,-ասաց նա: Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ այսպես, թե այնպես այս օրենքը պետք է քննարկեն այսօր և ավարտեն, ավելի լավ կլինի, եթե կարգավորումներն ուժի մեջ մտնեն այսօր:
Բաղդասարյանն ընդգծեց, որ սա ասում է հատուկ նրանց համար, ովքեր ուշ են ընկալում: Սա դուր չեկավ Նաիրա Զոհրաբյանին և նա տեղից նետեց, որ նա է ուշ ընկալողը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ նկատեց, որ իզուր կրքեր պետք չէ այստեղ բորբոքել և ճիշտ պատկերացումներ ունենալ առաջարկի վերաբերյալ:
«Առաջարկը հետևյալն է, եթե քվեարկությունից հետո առաջիկա երեք ժամվա ընթացքում չլինեն նոր առաջարկներ, ապա նախագիծը ավտոմատ կերպով պատրաստ կլինի, որպեսզի երկրորդ քննարկում իրականացնեն, որից հետո կմնա միայն քվեարկությունը: Եվ քանի որ մենք աշխատանքային ռեժիմի մեջ ենք, առաջարկ է եղել հենց այսօր քվեարկել, առաջարկը շատ տրամաբանական է, մի նեղվեք, խնդիր չկա, միմյանց չենք ուզում նեղացնել: Եթե չեք ուզում, մի քվեարկեք»,-ասաց նա:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հորդորեց հարգալից լինել մեկը մյուսի նկատմամբ ու չասել, թե այս մեկը հասկացել է, մյուսը՝ ոչ: ԱԺ մյուս փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ խնդիր չկա, կարող են այլ ռեժիմով քվեարկել, սակայն պետք չէ փոքր հարցից մեծ խնդիր սարքել:
«хотите сегодня, будет сегодня, хотите завтра, будет завтра»,- ասաց Շարմազանովը:
Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանն էլ ասաց, որ հանձնաժողովում այս հարցը որոշվել է քննարկել 24 ժամյա ռեժիմում: Արդյունքում քվեարկվեց հարցը հատուկ ռեժիմով քննարկելու հարցը և ընդունվեց 66 կողմ ձայնով: Գևորգ Կոստանյանն էլ փորձեց բացատրել, թե ինչ է տալու այս օրենսդրական կարգավորումը:
«Սա նրա համար է, որ օր առաջ մեր երկրի դատապարտյալներն ազատ արձակվեն, պայմանական վաղաժամկետ արձակման հնարավորություն ըթացակարգին է վերաբերում»,-նշեց նա: Քվեարկության արդյունքում որոշվեց երկրորդ ընթերցմամբ այսօր քննարկել, իսկ Բաբլոյանն էլ ասաց, որ որպես ԱԺ նախագահ ինքը կորոշի, թե երբ քվեարկեն:
«Ելք» խմբակցության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը դիմելով Կոստանյանին՝ ասաց, որ երկար տարիներ դատախազ է եղել, և հիմա նոր է նրա սիրտը ցավում:
«Հիմա նոր ջիգյար եք կերել, հելել եք, այդ հարցերով եք զբաղվում»,-ասաց նա:
Կոստանյանն արձագանքեց Միքայելյանին՝ ասելով, թե նա չգիտի իր աշխատանքի մասին, չգիտի, թե այս ուղղությամբ ինչեր են արվել, ընթացքում Միքայելյանը տեղից խոսում էր, պատասխանում Կոստանյանին, վերջինս էլ նետեց. «Դու-ով մի խոսեք, դուք-ով, մի ընդհատեք, ես ձեզ չէի ընդհատում: Դու ինձ չպիտի ընդհատես»:
Միջամտեց Արա Բաբլոյանը. «Սասո՛ւն, Սասո՛ւն»:
Այս ամենը եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ իրենք դեմ չեն վաղաժամ ազատմանը, այլ դեմ են այս ռեժիմով աշխատելուն: Վերջնական որոշումն, ըստ էության, կկայացնի ԱԺ նախագահը:
Source: Yerkir Media
Link: Սասուն Միքայելյանը՝ Կոստանյանին․ «Հիմա նոր ջիգյար եք կերել»․ վեճ՝ Աժ-ում (տեսանյութ)