Սարգիս Կարապետյան. «Մենք ունենք գաղափարախոսություն և ծրագիր՝ 127 տարվա պատմությունով»

Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում ՀՅԴ ցուցակով առաջադրված թեկնածու Սարգիս Կարապետյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց՝ քարոզարշավին մասնակցությունը մրցակցություն չի համարում: Նրա խոսքով՝ ինչպես յուրաքանչյուր քաղաքական ուժի ներկայացուցիչ, ինքն էլ ներկայացնում է իր կուսակցության ծրագիրն ու գաղափարախոսությունը:

«Ես հայ մրցակիցներ չունեմ: Քարոզարշավին մասնակցողներից յուրաքանչյուրն իր շրջանակներում իր քարոզն է անում: Ամեն մեկն իր գաղափարներով է պայքարում: Ես իմ գաղափարներով, նրանք՝ իրենց»,- ասաց Կարապետյանը:

Նրա կարծիքով` մարդիկ պետք է ընտրեն Դաշնակցությանը, քանի որ այդ կուսակցությունը հիմնված չէ անիմաստ խոստումների վրա: «Դաշնակցությունն իր ասածները գործով է ապացուցում: Որպես օրինակ` կարող ենք նշել պառլամենտական կարգի կայացումը Հայաստանում: Հինգ հոգանոց խմբակցությունով կարողացել ենք այդ օրենքի ընդունմանը հասնել»,- ասաց նա՝ հավելելով.

«Դաշնակցությունը միակ կուսակցությունն է, որի ծրագիրը չի ծլում ընտրությունների նախաշեմին, կուսակցությունը միշտ ունի ծրագիր և իր ծրագրով է առաջնորդվում: Ծրագրեր ունենալը և դրանք կյանքի կոչելը ընտրություններով պայմանավորված չեն: Ի տարբերություն ուրիշ քաղաքական ուժերի, ընտրություններից մեկ ամիս առաջ ծրագիր չենք հրապարակում և ասում, որ 15 կետերի մեջ է հայոց փրկությունը: Մեզ մոտ անհատական արարիչներ և փրկիչներ չկան: Մենք ունենք գաղափարախոսություն և ծրագիր՝ 127 տարվա պատմությունով»:

Ի դեպ, Կարապետյանն ասաց նաև՝ կցանկանար փոփոխության ենթարկվեր պատգամավորների անձեռնմխելությանը վերաբերող օրենքը: «Կուզենամ, որ պատգամավորի անձեռնմխելիությանը վերաբերող օրենքը վերանայվի: Այդ օրենքի վերացման դեպքում շատ մարդիկ էլ չեն ուզենա դառնալ պատգամավոր»,- ասաց նա:

Կարապետյանի խոսքով՝ Դաշնակցության գաղափարախոսությունը, նախընտրական պլատֆորմի դրույթները մարդկանց հասցնում է` անհատական հանդիպումներ ունենալով: «Բոլորի տներն անհատական այցելում եմ՝ հնարավորության սահմաններում: Աստված տա՝ մարդիկ հասկանան, որ պետք է հավատան այն մարդկանց, ովքեր իրենց ասածներում անկեղծ են: Ես մտել եմ այս պայքարի մեջ ոչ թե նրա համար, որ որևէ մեկին ասեմ՝ նրանից երեք ձայն ավելի կարող եմ ունենալ, այլ մեր ժողովրդին ցույց տալու Դաշնակցության գաղափարախոսությունը»,- եզրափակեց Սարգիս Կարապետյանը:

Source: Yerkir Media
Link: Սարգիս Կարապետյան. «Մենք ունենք գաղափարախոսություն և ծրագիր՝ 127 տարվա պատմությունով»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image