Սարուխանի համայնքապետի աշխատակազմի ղեկավարը պետությանը պատճառել է 31 մլն դրամի վնաս. ոստիկանություն
July 30, 2018
ՀՀ ոստիկանությունը տվյալներ է ձեռք բերել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի նախկին ղեկավարն ու նրա աշխատակազմի ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ են կատարել։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ, նախնական տվյալներով՝ Սարուխանի համայնքապետի աշխատակազմի ղեկավարը, օգտագործելով ծառայողական դիրքը, 2008-ից 2016 թվականների ընթացքում համայնքի բնակիչներին տրամադրել է ավտոմեքենաների գույքահարկի կեղծ զրոյական տեղեկանքներ, տրանսպորտային միջոցների գույքահարկի համար գանձված շուրջ 15.000.000 դրամը չի մուտքագրել դրամարկղ և յուրացրել է։
Այս ապօրինության հետևանքով նշված տարիներին գույքահարկի գումարներին ավելացել են տույժ-տուգանքներ՝ մոտ 16.000.000 դրամի չափով։ Այսպիսով՝ պետության և քաղաքացիների օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 31.000.000 դրամի նյութական վնաս։