Սերժ Սարգսյանն այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն
December 25, 2017
Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Ռիտա Սարգսյանի հետ այսօր երեկոյան այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն:
Նախագահ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և գիտամշակութային կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել վերանորոգումից հետո իրականացված աշխատանքներին և շփվել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նախագահը դիտել է նաև կենտրոնի մասին պատմող ֆիլմը, որից հետո նրան ուղեկցել են հարավային պատշգամբ, որտեղ սիրում էր հանգստանալ և հյուրեր ընդունել Հովհաննես Թումանյանը։ Գիտամշակութային կենտրոնում հյուրերին ցուցադրել են մեծանուն բանաստեղծի գրադարանը, այնուհետև Հանրապետության նախագահը թեյախմության է հրավիրվել` Թումանյանի տան ավանդույթներով: