Սիրային ծանրոց, շահում վիճակախաղով, հափշտակություն բանկային քարտից…

June 12, 2018

Հայաստանում կիբերհանցագործությունների թվում վերջին տարիներին 20-25 տոկոս աճի միտում է նկատվում: Դրանք այն բոլոր հանցագործություններն են, որոնք ուղղված են տեղեկատվական տեխնոլոգիաների դեմ կամ կատարվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Վահագն Հարությունյանը, 2017 թվականին գլխավոր վարչության կողմից հայտնաբերվել է 71 դեպք, որոնցով հարուցվել է 68 քրեական գործ: Նշված տարում ոստիկանության այլ վարչությունների կողմից կիբերանվտանգության ոլորտում հայտնաբերվել է 108 դեպք, որոնցով հարուցվել է 105 քրեական գործ: Վահագն Հարությունյանը նկատեց, որ վերջին երկու տարիների ընթացքում այն կիբերհանցագործությունները, որոնք կատարվում են Հայաստանում, հիմնականում բացահայտվում են:

Տարածված հանցագործություններից է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը: Օրինակ, երբ ասենք «Ֆեյսբուք»-ում որևէ էջի տվյալներին տիրանալու համար անձին ուղարկվում է հղում: Նա հղումով գնում է և այդ ժամանակ հայտնվում է մի պատուհան ու իրեն թվում է` դուրս է եկել «Ֆեյսբուք»-ից: Նորից մուտք գործելու համար կրկին մուտքագրում է գաղտնաբառը, ինչի արդյունքում սոցիալական ցանցի անհատական տվյալները հայտնվում են այլ մարդկանց տրամադրության տակ:

Պոռնոգրաֆիկ նյութերի տարածման հետ կապված Վահանգն Հարությունյանը նշեց, որ, փառք աստծո, հասարակության շրջանում մարդկանց մտածելակերպն այնպիսին է, որ հասարակական պարսավանքի են ենթարկվում նման անձինք: Ըստ այդմ էլ, կարելի է ասել, որ նման դեպքերը քիչ են:

Հանցատեսակով պայմանավորված՝ թիրախային խմբերը տարբեր են լինում, սակայն Վահագն Հարությունյանը տեղեկացրեց, որ այսպես կոչված «սիրային ծանրոց» հանցատեսակի դեպքում թիրախում 30-50 տարեկան կանայք են:

Մեկ այլ դեպքով էլ, 65-ն անց տիկինը մոտ 300 հազար դոլար էր փոխանցել տարբեր տեսակի վիճակախաղերի, որոնք իրականում կեղծ են, իրենցից ներկայացնում են փող հափշտակելու մեխանիզմ:

Source: Yerkir Media
Link: Սիրային ծանրոց, շահում վիճակախաղով, հափշտակություն բանկային քարտից…

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image