Սիրիան զգուշացնում է՝ կխոցի սահմանը հատած Թուրքական ռազմական ինքնաթիռները

Սիրիական բանակը կխոցի Թուրքիայի օդուժին պատկանող ցանկացած ինքնաթիռ, որը կխախտի երկրի օդային տարածքը: Այս մասին նշվում է Սիրիայի կառավարական բանակի հայտարարության մեջ:

«Սիրիական բանակն ու զինված ուժերը նախազգուշացնում են ցանկացած միջոցով Թուրքիայի ռազմական ինքնաթիռները խոցելու պատրաստակամության մասին, եթե դրանք կրկին խախտեն երկրի օդային սահմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Սիրիական բանակի հրամանատարությունը մեղադրել է պաշտոնական Անկարային Հալեպի հյուսիսում գտնվող գյուղերը, այդ թվում և Հասանջեքը ռմբակոծելու մեջ:

«Էրդողանի վարչակարգը պատասխանատվություն է կրում Հասանջեքի, Վարդիայի և Հեսյայի գյուղերում 150 խաղաղ քաղաքացու սպանության համար»,- հայտարարել են սիրիական բանակից:

Ավելի վաղ Սիրիայի քրդերը հայտնել են, որ երկրի հյուսիսում թուրքական ինքնաթիռները 26 անգամ թռիչքներ են իրականացրել իրենց ուժերի վրա, որոնք փորձում են տեղի գյուղերն ու ալ-Շահբա քաղաքը ազատագրել «Իսլամական պետություն» խմբավորումից: Քրդական ուժերը հայտնել են, որ այդպիսով թուրքական կողմը փորձում է կոծկել իսլամիստ ահաբեկիչների գործողությունները:

Թուրքիան Սիրիայի տարածքում օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կոչվող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակող թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:


Source: Yerkir Media
Link: Սիրիան զգուշացնում է՝ կխոցի սահմանը հատած Թուրքական ռազմական ինքնաթիռները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image