Ս․Օհանյանը ներկայացրել է ապրիլյան պատերազմի բացերն ու դրանից քաղած դասերը

August 23, 2016

Բանակում իրականացվող յուրաքանչյուր միջոցառում՝ հատկապես մարտական գործողությունները, հիմք են հանդիսանում դրանցից դասեր քաղելու համար։ Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին՝ Հայաստանն ի՞նչ դասեր է քաղել ապրիլյան քառօրյա պատերազմից և որո՞նք են եղել բանակի թերություններն այդ օրերին:

«Առաջին հերթին այդ գործողությունների պլանավորման ընթացքում մենք նշում ենք հակառակորդի և մեր դրական և բացասական կողմերը, դրա վրա տեղավորում ենք այն առաջարկներն ու ծրագրերը, որոնք հիմք են հանդիսանում մարտական գործողությունների պլանավորման և գործնականում դրանց իրականացման համար: Այս առումով քառօրյա այս մարտական գործողություններն էլ դասեր քաղելու հիմք են հանդիսացել»,- նշեց Օհանյանը:

Անդրադառնալով դրական կողմերին՝ նախարարն ընդգծեց, որ, ի վերջո, իրենք եկել են այն եզրակացության, որ հանրապետության զինված ուժերի ներկայիս զարգացման պլանը, որը հիմք է երկու տարվա ընթացքում պաշտպանական ռազմավարության վերանայման, ուղիղ արտահայտությունն է այն ռազմական գործողությունների, որ եղել են քառօրյա պատերազմի ընթացքում:

«Այսինքն՝ մեր զարգացման պլանը և դրա հիմքում ձևավորվող սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման, արդիականացման պետական ծրագիրը մենք ճիշտ ենք կազմում»,- ասաց նախարարը:

Նա բարձր գնահատեց առաջնագծում կատարված ինժեներական աշխատանքները, որոնք թույլ են տալիս ժամանակակից դասական մարտ վարել հակառակորդի դեմ:

«Բոլոր խրամատները, դիրքերը, հակատանկային փոսերը և տարբեր տիպի հիմնական պահեստային դիրքերը հնարավորություն են տալիս ժամանակակից մարտ վարել: Մենք հիմա նաև քայլեր ենք ձեռնարկում ժամանակակից գիշերային ջերմադիտարկման սարքեր ձեռք բերելու ուղղությամբ»,- նշեց Օհանյանը:

Նախարարը համազգային նշանակություն ունեցող դրական երևույթ է համարում հայ ազգի համախմբումը ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Նրա խոսքով՝ այդ օրերին ողջ հայությունն է աջակցել Արցախին, իսկ ռազմական առումով բազմաթիվ կամավորականներ են գնացել և կանգնել զինվորի կողքին:

Նախարարը նկատեց, որ մի քանի հատվածներում տվյալ հատվածների հրամանատարների և նրանց ենթակա ստորաբաժանումների որոշ դեպքերում ոչ ճիշտ շարժերն են եղել թերություն:

«Բայց այսօր քննադատել հրամանատարներին, ասել՝ դու ճիշտ ես գործել կամ ճիշտ չես գործել, այդքան էլ ճիշտ չի լինի: Նրանք այդ պահին եղել են հոգեբանական ծանր վիճակում, թշնամու կրակի տակ, կյանքին սպառնացող վտանգ են զգացել: Երբ նման ճնշում է լինում, պաշտպանվող կողմը ստիպված է լինում փոխել դիրքը, անցնել շրջանաձև պաշտպանության, աջից վտանգ զգալով՝ ձախ տեղափոխվել կամ հակառակը: Եթե այդ դիրքերում, օրինակ, կապիտանի, լեյտենանտի կամ սերժանտի փոխարեն կոչումով մարշալ լիներ, դժվար է ասել՝ այդ պահին մարշալը ճիշտ որոշում կկայացներ, թե, օրինակ, երիտասարդ սերժանտը»,- եզրափակեց Օհանյանը:


Source: Yerkir Media
Link: Ս․Օհանյանը ներկայացրել է ապրիլյան պատերազմի բացերն ու դրանից քաղած դասերը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image