Վիեննայի տղաների երգչախումբը երևանյան բեմում Կոմիտաս հնչեցրեց

October 4, 2018

Իննից տասնչորս տարեկան 25 երգչից բաղկացած Վիեննայի տղաների երգչախումբը երևանյան համերգի առաջին կատարումը նվիրեց Շառլ Ազնավուրին:

Երգչախումբը երաժշտասերներին զարմացրեց` ներկայացնելով Կոմիտասի, Հայդնի, Մենդելսոնի, Շուբերտի,  Շտրաուսի և այլ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններ: «Երևանյան հեռանկարներ» միջազգային  երաժշտական փառատոնի շրջանակում անցկացվող համերգային ծրագիրը տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Երգչախումբը տարիներ առաջ հյուրընկալվել է Հայաստանում: Մենք շատ ուրախ ենք լինել այստեղ, ծանոթանալ ձեր մշակույթին և ելույթ ունենալ Հայաստանի երաժշտասերների առաջ», նշեց երգչախմբի դիրիժոր Օլիվեր Շտեքը: 

Նա ասաց, որ երգչախմբի անդամները աշխարհի տարբեր երկրներից են: «Մենք տղաներին ընտրում ենք լսումների միջոցով: Երբեմն վարպետության դասեր ենք անցկացնում այլ երկրներում և հենց այդ ժամանակ, ստուգելով երգիչների ձայնային տվյալները, առաջարկում ենք նրանց ընդգրկվել երգչախմբում»,- հավելեց Շտեքը:

Համերգին դահլիճը լեփ-լեցուն էր. արվեստասերներից շատերը, տեղերի սահմանափակության պատճառով, նստել էին աստիճաններին: Հանդիսատեսը բուռն ծափողջյուններով էր ընդունում փոքրիկ տաղանդների ելույթները:

Source: Yerkir Media
Link: Վիեննայի տղաների երգչախումբը երևանյան բեմում Կոմիտաս հնչեցրեց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image