Տարածաշրջանի հոգևոր առաջնորդները՝ ղարաբաղյան հակամարտության մասին

September 8, 2017

Տարածաշրջանի հոգևոր առաջնորդները հանդես եկան համատեղ հայտարարությամբ․

«Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (ՌԴ) տեղի ունեցած տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն հանդես եկան հետևյալ հայտարարությամբ:

«Այսօր մենք՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների հոգևոր առաջնորդներս, կրկին հանդիպեցինք Մոսկվայում Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հրավերով՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները, առանց որոնց հնարավոր չէ հասնել Կովկասում հաշտության և անվտանգության։

Համոզված ենք, որ տարաձայնությունները կարելի է հաղթահարել՝ հենվելով բարիդրացիության սկզբունքների և ավանդական կրոնների կողմից քարոզվող բարոյական արժեքների ՝ բարության, մերձավորի նկատմամբ սիրո, փոխադարձ ներողամտության և բարեգթության վրա։

Մենք, որպես հոգևոր առաջնորդներ, մեր կողմից պատրաստակամություն ենք հայտնում պաշտպանելու ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանն ուղղված խաղաղարարական նախաձեռնությունները։ Հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների պատմությունը վկայում է նման շփումների դրական ներգործության մասին հակամարտության կարգավորման գործընթացի վրա, որը երբեք չպետք է վերաճի կրոնական հակամարտության։ Մենք մեծ հույսեր ենք կապում բանակցային գործընթացի հետ։ Մեր ժողովուրդների առջև պատասխանատվությունն ու պարտքը մղում են մեզ՝ հոգևոր առաջնորդներիս, անխոնջ և հետևողական ջանքեր գործադրել հանուն խաղաղության և բարու իդեալների երկար սպասված հաղթության։ Մենք պատրաստ ենք գործադրել բոլոր առկա հնարավորությունները տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

Մեր համայնքների բոլոր զավակներին ուղղում ենք խաղաղության, բարօրության և բարի ձեռնարկումներում հաջողությունների բարեմաղթանքներ։ Աղոթում ենք Բարձրյալին տարաձայնությունների հաղթահարման և չարիքից ու մեղքից մեր ժողովուրդներին պահպանելու համար։ Թող Կովկասի հինավուրց և սուրբ հողի վրա հաստատվի օրհնյալ խաղաղությունը, իսկ մեր երկրների ժողովուրդներն ապրեն հաշտ և խաղաղ, աստվածատուր բարոյական օրենքներով»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

Source: Yerkir Media
Link: Տարածաշրջանի հոգևոր առաջնորդները՝ ղարաբաղյան հակամարտության մասին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image