Տեղի ունեցավ «Երիտասարդ նկարիչների միջազգային 6-րդ պլեներ»-ի բացման արարողությունը
August 22, 2017
Օգոստոսի 22-ին Գյումրու «Հոկտեմբեր» կ/թ-ում տեղի ունեցավ 2017 թվականի «Երիտասարդ նկարիչների միջազգային 6-րդ պլեներ»-ի բացման արարողությունը: Օգոստոսի 22-25-ը ՀՀ Շիրակի մարզում անցկացվող 6-րդ պլեները նվիրված է հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին: Այս տարի պլեներին կմասնակցեն 45 երիտասարդ արվեստագետներ՝ Հայաստանից, Արցախից, Վրաստանից և Բելոռուսից:
Պլեների նպատակն է՝ երիտասարդ արվեստագետների միջև ստեղծել միջմշակութային համագործակցության հարթակ՝ այն ծառայեցնելով որպես մշակութային երկխոսության երաշխիք:
Օգոստոսի 22-25-ը բարեկամական և ստեղծագործական միջավայրում, ապրելով կողք կողքի, երիտասարդ նկարիչները և արվեստագետները կմասնակցեն վարպետության դասերի, կնկարեն և կմեկնաբանեն Շիրակի մարզի բնության ու պատմության հուշարձանները իրենց գույներով:
Պլեների օրերին կլինեն էքսկուրսիաներ և բացօթյա նկարչություն Երերույքի տաճարի /օգոստոսի 23-ին/ և Մարմաշենի վանական համալիրի /օգոստոսի 24-ին/ տարածքներում:
Պլեների վերջին օրը՝ օգոստոսի 25-ին, պլեների մասնակիցները կմեկնեն Ջաջուռ՝ Մինաս Ավետիսյանի թանգարան: