Հայաստանի տնտեսության հիմնասյուներից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, որը, ըստ Կորեայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանի, Կորեայի հետ համագործակցության ընդլայնման համատեքստում մեծ ներուժ ունի: The Korea post-ին տված հարցազրույցում դեսպանն անդրադարձել է հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայիս վիճակին եւ զարգացման հեռանկարներին:
«Նույնիսկ խորհրդային տարիներին Հայաստանը հայտնի էր որպես «ԽՍՀՄ սիլիկոնյան հովիտ» եւ 1991 թվականի անկախությունից հետո արդյունաբերությունը թեքվեց դեպի համակարգչային ծրագրերի ապահովման, ՏՏ ծառայությունների ոլորտները: Սա Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է, որը տարեկան ընդլայնվում է 20 տոկոսով: Ըստ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի՝ շուրջ 15000 մարդ ներկայումս աշխատում է ավելի քան 400 ՏՏ ընկերություններում: Համաշխարհային առաջատար այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Intel-ը, Oracle-ը եւ D-Link-ն, արդեն իսկ ունեն իրենց գրասենյակները Երեւանում: PicsArt-ը, որը մեկնարկեց աշխատանքները 2015 թվականից, արդեն իսկ բջջային ֆոտոխմբագրման համաշխարհային առաջատար հավելվածներից է: Այն ամսական ունի 90 մլն օգտատեր: Հաշվի առնելով այն, որ Կորեան եւս մեծ փորձ ունի ՏՏ ոլորտում՝ ենթադրում եմ, որ այս ոլորտը կարող է լինել Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ընդլայնման հիմնաքարը»,- ասել է նա:
Անդրադառնալով Հայաստանի եւ Կորեայի միջեւ առեւտրաշրջանառության ծավալին՝ Հրանտ Պողոսյանը նշել է, որ թեպետ այն բավականին համեստ է, սակայն մեծ է նաեւ այն ընդլայնելու ներուժը:
Source: Yerkir Media
Link: ՏՏ ոլորտը կարող է լինել հայ-կորեական տնտեսական համագործակցության հիմնաքարը