Հուլիսի 5-ին Փարիզում ՖՄԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ ասուլիս, որը նվիրված էր հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին: Ասուլիսի ընթացքում երկու տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին պատասխանեցին ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ՖԿՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ՖՄԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին, ՖՄԿ հաղորդակցության հարցերով տնօրեն Վեռոնիք Տավոն, ՖՄԿ գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Բերտրան Լեբլանը:
Բանախոսները ներկայացրեցին Հայաստանի ներգրավվածությունը ՖՄԿ-ին և հավատարմությունն ու շարունակական ներդրումը ֆրանկոֆոն արժեքների ամրապնդման և տարածման գործում, Կազմակերպության նշանակությունը Հայաստանի համար:
Փարիզում ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ՖԿՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը և ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հանդիպումներ են ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղարի գրասենյակի ղեկավար Ժան-Լուի Աթանգանա Ամուգուի և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուի հետ, որոնց հետ հանգամանալից քննարկում է տեղի ունեցել ՖՄԿ երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի և ձեռնարկվող քայլերի շուրջ:
ՖՄԿ ԳՔ գրասենյակի ղեկավարը ողջունել է կառույցի գագաթաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու Հայաստանի իշխանությունների հանձնառության վերահաստատումը և կառավարության կազմավորումից անմիջապես հետո կազմակերպչական աշխատանքներին նոր ավյունով լծվելը, ինչին նրանք ականատես եղան Երևան մայիսին կատարած այցելության ընթացքում։
Source: Yerkir Media
Link: Փարիզում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն երևանյան գագաթաժողովին նվիրված ասուլիս