«Փորձում են ճնշել եւ ապակողմնորոշել ընտրողներին». Կապանի ղեկավարի թեկնածուները հայտարարություն են տարածել

Հարգելի կապանցիներ,

Մի քանի օրից մենք ընտրելու ենք Կապան համայնքի քաղաքապետ: Առաջադրվել են 3 թեկնածու, որոնցից մեկին պետք է ընտրեք դուք՝ ելնելով թեկնածուների կենսագրություններից, քաղաքական հայացքներից և ծրագրերից: Այդպես է ընդունված ողջ քաղաքակիրթ ու անընդհատ զարգացող աշխարհում, դա է ներկա ժամանակի և իրավիճակի հրամայականը:

ՀՀ նախագահը և նորանշանակ վարչապետը իրենց վերջին ելույթներում հայտարարել են համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին և կոչ են արել բոլորին իրենց գործողություններով նպաստել համակարգային անհրաժեշտ փոփոխություններին: Երկրի ներկայով և ուժեղ պետության ապագայով մտահոգ քաղաքացիներս հավատում ենք այդ կոչերի անկեղծությանը և հավատով ենք գնում հերթական ընտրություններին:

Բայց մարզային և քաղաքային իշխանության որոշ ներկայացուցիչներ, պետական ծառայողներ և տնտեսական գործիչներ իրենց գործունեությամբ և ընտրությունների ելքը ուղղորդող գործողություններով մեզ փորձում են համոզել, որ երկրի նախագահի և վարչապետի հայտարարությունները ձևական են ու նախընտրական շրջանում կատարում են այնպիսի քայլեր, որոնք ոչ միայն ժխտում են երկրի նախագահի և վարչապետի համակարգային փոփոխությունների անհրաժեշտության հայտարարությունները, այլ նաև հակաժողովրդավարական են , ապազգային և վնասում են երկրի հեղինակությանը:

Ամեն գնով իրենց թեկնածուին քաղաքապետ նշանակելու նրանց ցանկությունը այնքան մեծ է, որ այդ մարդիկ հիմնարկ առ հիմնարկ, տուն առ տուն, մարդ առ մարդ հանդիպում են ընտրողներին, օգտվելով ժողովրդի սոցիալական ծանր վիճակից, աշխատանքից ազատելու սպառնալիքով փորձում են վախեցնել ընտրողներին և ուղղորդել դեպի իրենց  թեկնածու: Հանդիպումներից և իրենց անցկացրած սոցիոլոգիական հարցումներից համոզվելով, որ մարդիկ մերժում են իրենց թեկնածուին ,նրանք այժմ  փորձում են հոգեբանական գրոհների միջոցներով ճնշել և ապակողմնորոշել ընտրողներին՝ անձնագրեր հավաքելով, իրենց թեկնածուի օգտին անհասկանալի ստորագրություններ պարտադրելով, ընտրությունները ամեն կերպ վերահսկելու սուտ բարբաջանքներով: Այդ մարդիկ այլևս տեղ չունեն նոր համակարգում և շուտով դուրս կմղվեն պետական, համայնքային և տնտեսական որոշիչ ոլորտներից, քանզի չեն համապատասխանում ժամանակի պահանջներին ու համակարգային փոփոխություններ կատարելու հրամայականին:

Մենք չենք զարմանում, որ նրանք այդքան ջանք են թափում և կառչում իրենց հին մեթոդներից, քանզի նրանք երբևէ և այլևս ուրիշ ոչնչի ընդունակ չեն և փորձում են այդկերպ արդարացնել իրենց գոյությունը և պաշտոնավարումը: Իսկ նրանց սպառնալիք – հավաստիացումները, որ ամեն կերպ վերահսկելու են ընտրությունները և ընտրողի կողմնորոշումը, պարզապես սեփական անզորությունը թաքցնելու անհաջող փորձ է:

Հարգելի կապանցիներ, Արտուր Աթայանի և Արթուր Մարտիրոսյանի շտաբները հայտարարում են, որ ընտրատեղամասերում մենք համատեղելու ենք մեր ջանքերը և հանձնաժողովներում մեր կողմից առաջադրված անձանց միջոցով ապահովելու ենք ընտրության գաղտնիությունը, օրինականությունը և ընտրողների ազատ կամքը:

Մի վախեցեք ընտրակեղծարարների փրփուրային սպառնալիքներից: Մենք հավաստիացնում ենք,որ վճռականորեն պաշտպանելու ենք ձեր ազատ և անկաշկանդ ընտրելու իրավունքը: Կատարեք ճիշտ , ազատ և  անկաշկանդ ընտրություն:

Արտուր Աթայանի շտաբ, Արթուր Մարտիրոսյանի շտաբ


Source: Yerkir Media
Link: «Փորձում են ճնշել եւ ապակողմնորոշել ընտրողներին». Կապանի ղեկավարի թեկնածուները հայտարարություն են տարածել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image