«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում հիշել են ապրիլյան հերոսներին
April 22, 2017
Հայրենասիրական դաստիարակությունը սկսվում է վաղ տարիքից, դրա լավագույն օրրանը դպրոցն է: Հայաստանի մարզերում եւ Երեւանում շարունակվում են ապրիլյան պատերազմին նվիրված միջոցառումներ անցկացնել: Հերթականը տեղի է ունեցել «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում:
Աշակերտները պատմում են՝ ապրիլի 2-ն իրենց դպրոցում ամեն ինչ խառնեց իրար. այստեղ յուրաքանչյուրն իրեն պարտավորված էր զգում ինչ-որ մի բանով օգնել սահմանում կռվող զինվորին: Պատմությունն աշակերտները սկսում են 1988 թվականից եւ արձանագրում՝ փոքրիկ Հայաստանը հանդգնեց ըմբոստանալ հզոր Խորհրդային միության դեմ:
2016 թվականի ապրիլը հերոսների կողքին նոր անուններ գրեց: Աշակերտները խոստանում են՝ նրանց մասին միշտ հիշելու են, ապրելու են նրանց սխրանքին արժանի:
Միջոցառման հանդիսականի շարքերում են նաեւ Շուշիի առանձին գումարտակի ազատամարտիկներն ու Հայ օգնության միության անդամները: ՀՕՄ-ի հետ կրթահամալիրը համագործակցության տարիների փորձ ունի, ապրիլից հետո էլ միասին մի շարք միջոցառումներ են իրականացրել՝ օգնություն են ուղարկել սահման, փաթեթներին աշակերտներն իրենց նամակներն են կցել, գրքի տոն անցկացրել զինվորի հետ, զինհաշմանդամներին են այցելել ու ծառատունկ արել Եռաբլուրում: