Փոքր ՀԷԿ-երի ոլորտը պետք է կարգավորվի. վարչապետը հանձնարարական տվեց
March 9, 2017
Փոքր ՀԷԿ-երի ոլորտը պետք է կարգավորվի։ Այսօր կառավարության նիստում վարչապետը նշեց, որ փոքր ՀԷԿ-երը ներկայումս զգալի բացասական ազդեցություն են թողնում ինչպես շրջակա միջավայրի վրա, այնպես էլ՝ սոցիալական ու տնտեսական երկարաժամկետ զարգացումների վրա: Այս խնդիրները կարգավորելու համար Կարապետյանը Բնապահպանության նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում սահմանել փոքր ՀԷԿ-երի կառուցման ու շահագործման համար շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հստակ չափորոշիչներ:
«Վերանայել ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի համար 927N որոշումը՝ հաշվի առնելով գետերի սնուցման սեզոնային առանձնահատկությունները», — ասաց վարչապետը: Նա հանձնարարեց համագործակցելով գյուղատնտեսության ու էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունների հետ՝ հստակեցնել գետերի ցանկը, որտեղ, բնապահպանական, գյուղատնտեսական ու այլ առանձնահատկություններերից ելնելով, արգելվում է ՀԷԿ-երի կառուցումը:
Վարչապետը հանձնարարեց նաեւ հաշվի առնելով միջազգային փորձը՝ ուսումնասիրել ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջերմային ռեսուրսների համար բնօգտագործման վճարների ներդրման և նպատակային օգտագործման հնարավորությունները։