Քաղաքացին 11 տարի անց մեղադրում է Ալեքսանդր Սարգսյանի որդուն
July 4, 2018
Խուզարկությանը, որն արդեն կատարվել է ոչ միայն Ալեքսանդր Սարգսյանի բնակարանում, այլեւ նրա տան ավտոկայանատեղիում ու նկուղում, ներկա է եղել նաեւ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, ում մասին այսօր հաղորդագրություն է տարածել դատախազությունը։
Պարզվում է՝ դատախազությունը 2007թ-ի ապրիլի 1-ին առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշով հարուցված քրեական գործով նոր նախաքննություն կիրականացնի: Հունիսի 29-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն ներկայացած անձը դիմում է տվել, որ իրեն 2007թ-ին կրակել եւ մարմնական վնասվածք է պատճառել Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, որը կրակել է իրենց տան առաջին հարկի թիկնազորի համար նախատեսված սենյակում: Տուժողը տարիներ առաջ ոստիկաններին չի հայտնել, քանի որ Հայկ Սարգսյանն ու եղբայրը իրեն սպառնացել են:
Նկատի ունենալով, որ ներկայացված տվյալներով ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել վարույթ իրականացնող մարմնին, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը հունիսի 29-ին որոշել է նոր գործ հարուցել: