Դերասան Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ Ամալյան, հուլիսի 31-ին հայտարարել են, որ մտադիր են 2,25 միլիոն դոլար տրամադրել Լիբանանում ապրող սիրիացի փախստականների երեք հազար երեխաների համար յոթ դպոցների զարգացման նպատակով: Այս մասին հաղորդվում է Քլունիների ընտանիքի հիմնադրամի պաշտոնական կայքում:
«Մենք չենք կարող մեզ թույլ տալ մի ամբողջ սերունդ կորցնել սոսկ այն պատճառով, որ նրանց բախտը չի բերել, որ ծնվել են ոչ համապատասխան ժամանակ եւ ոչ համապատասխան վայրում»,- ասված է Քլունիի հայտարարության մեջ, որը վերջերս երկվորյակներ է ունեցել:
«Հազարավոր երիտասարդ սիրիացիների սպառնում է երբեք մեր հասարակության լիարժեք մասը չդառնալու վտանգը: Դպրոցական կրթությունը նրանց կօգնի փոխել իրենց կյանքը»:
Բացի Քլունիների ընտանիքի հիմնադրամից, ծրագրին մասնակցում են Google եւ HP ընկերությունները, որոնք կապահովեն ուսումնական հաստատությունների տեխնոլոգիական ապահովումը: Հատկացվող միջոցների ընդհանուր ծավալը կկազմի ավելի քան 3 միլիոն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Source: Yerkir Media
Link: Քլունիների ընտանիքը գումար կհատկացնի՝ սիրիացի երեխաների կրթության համար