Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է կայազորային քննչական բաժինների աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը։ Հրավիրված խորհրդակցությանը մասնակցել են նաև ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱՀ ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքները, 2017 թվականին արձանագրված հանցավոր դրսևորումները, միտումները, դրանց կատարմանը նպաստած պայմաններն ու պատճառները։
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանը ներկայացրել է հանցավորության վիճակը, շարժընթացը։
Խորհրդակցության մասնակիցները կարևորել են զինված ուժերում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի առկայությունը, ինչը բարձր մարտունակության առաջնային և կարևոր նախապայմաններից մեկն է։
«Զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտումը մարտական կարգապահությունը բարձրացնելու կարևոր նախապայմաններից է։ Մենք ոչ միայն պետք է յուրաքանչյուր դեպքով պարզենք հանցավոր արարք կատարած անձի ինքնությունը և նրա գործողություններին տանք համարժեք քրեաիրավական գնահատական, այլ նաև ի հայտ բերենք դրանց կատարմանը նպաստած պայմանները, պատճառները, որպեսզի համալիր քայլեր ձեռնարկվեն դրանք վերացնելու ուղղությամբ։ Միայն օբյեկտիվ իրականության պարզումը կարող է նպաստել զինված ուժերում հնարավոր հանցավոր դրսևորումների նախականխմանը»,- ասել է ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը և քննարկման արդյունքներով տվել կոնկրետ հանձնարարականներ, ուղենշել հետագա անելիքները։
ՔԿ նախագահը կարևորել է հանցագործությունների բացահայտման գործում քննիչի դերը և ընդգծել, որ գործող Սահմանադրությամբ քննչական մարմիններին է վերապահված ոչ միայն նախաքննության իրականացումը, այլև՝ կազմակերպումը։
Source: Yerkir Media
Link: Քննարկվել են զինվորական ծառայության դեմ հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքները