Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հնարավորություն է ստացել ձևավորելու իր ղեկավարությամբ 4-րդ կառավարությունը այն բանից հետո, երբ ընդդիմություն դարձած սոցիալ-դեմոկրատները ի վերջո կողմ են քվեարկել Մերկելի կուսակցության հետ ևս մեկ «մեծ կոալիցիա» ձևավորելուն, հայտնում է BBC-ն:
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության շուրջ 464 հազար անդամների քվեարկությունը թույլ է տվել դուրս գալու 5 ամիս տևած քաղաքական ճգնաժամից, որում Գերմանիան հայտնվել էր սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո: Խնդիրն այն էր, որ սոցիալ-դեմոկրատների շրջանում միանշանակ դիրքորոշում չկար այս հարցում. կուսակցական ղեկավարությունը կողմ էր կոալիցիայի ձևավորմանը, մինչդեռ երիտասարդական արմատական թևը՝ դեմ: Կայացած քվեարկության արդյունքներով՝ կոալիցիայի ձևավորմանը կողմ են հանդես եկել կուսակցականների 66%-ը:
Անգելա Մերկելը, ով իշխանության գլուխ է արդեն 12 տարի, շնորհավորել է սոցիալ-դեմոկրատներին այս կապակցությամբ՝ հայտարարելով, որ անհամբերությամբ սպասում է համատեղ աշխատանքին՝ հանուն երկրի բարօրության: Մերկելը, սակայն, դեռ ստիպված է լինելու բազմաթիվ խնդիրների բախվել, այդ թվում՝ սեպտեմբերյան ընտրությունների արդյունքում 12% ձայներով Բունդեսթագ անցած «Այլընտրանք՝ Գերմանիայի համար» ազգայնական կուսակցությանը, որն այս պահին Բունդեսթագում ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ունի:
Հատկանշական է այն, որ այս ընտրություններում սոցիալ-դեմոկրատներն ամենացածր արդյունքն են գրանցել պատմության ընթացքում, ինչը, շատերի համոզմամբ, հենց Մերկելի կուսակցության հետ համագործակցելու հետևանքն է:
Մերկելի գլխավորած Քրիստոնյա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) և Քրիստոնյա-սոցիալական միություն (ՔՍՄ) կուսակցությունների դաշինքն ընտրություններից հետո խորհրդարանում 65 տեղ է կորցրել: Բացի այդ՝ մինչ այս Մերկելը Ազատ դեմոկրատների ու Կանաչների կուսակցության հետ դաշինք ձևավորելու ապարդյուն փորձեր էր ձեռնարկել:
Source: Yerkir Media
Link: Ֆրաու Մերկելը կրկին կգլխավորի Գերմանիան